Պահանջն անկլավները չեն. սահմանի տավուշյան հատվածը պահելը երկիրը փրկելու միակ հույսն է
Փոքրիշատե կազմակերպված դիմադրություն ցույց տալու դեպքում Ադրբեջանին երբեք չի հաջողվի անգամ մեկ քառակուսի մետր հող գրավել Տավուշում։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը միակն է, որտեղ դեռևս պահպանվել է նախապատերազմյան իրավիճակը։ Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
"Ավելին, սա այդ սահմանի այն հատվածն է, որը անվտանգային մեծ առավելություն է տվել մեզ ոչ միայն Տավուշում, այլև Արցախում։ Պատահական չէ, որ ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ ստորաբաժանումները հենց Տավուշում էին տեղակայված։ Արցախում պատերազմ սկսելու պարագայում այստեղից ամեն պահ կարելի էր երկրորդ ճակատ բացել և շեշտակի հարվածով կոտրել թշնամու ողնաշարը։ Այն փաստը, որ 2020-ին Նիկոլի կառավարությունը չի դիմել այդ քայլին, իրենց դավաճան լինելու հերթական ապացույցներից է։
Ու չնայած 44-օրյա պատերազմին կրած մեր ծանր պարտությանն ու դրան հետևած ոչ պակաս ծանր կորուստներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածը շարունակում է մնալ թշնամուն զսպելու և ուժերի հավասարակշռությունը վերականգնելու կարևոր գործոն։ Ահա պաշտպանական այդ վերջին ռեսուրսից են այսօր ցանկանում զրկել մեզ Ալիևն ու Նիկոլը։
Ադրբեջանի պահանջն այսպես կոչված անկլավները չեն։ Սա չի կարելի չհասկանալ։ Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի ներկայիս տեսքը սեփական ուժերով վերականգնվելու և երկիրը փրկելու մեր վերջին հույսն է։ Եթե այստեղ էլ կորցնենք, ապա մեր Հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը միայն ու միայն ուրիշների ողորմության արդյունքը կլինի։ Դե ապրելը ո՞րն է՝ խղճուկ գոյություն պահպանել",- գրել է քաղաքագետը։