Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
Աշխատանքային հանդիպման ձեւաչափով ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում հանձնաժողովը բաց եւ կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է:
Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները: Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր: «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը եւ արձանագրել. «Չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է եւ ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Դրա կարեւոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»:
ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահն անդրադարձել է մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարեւորությանը, միջռեգիոնալ համագործակցության խթանմանը, ներկայացրել տարբեր միջոցառումների շրջանակում համատեղ իրականացվելիք քայլերը: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում Յուրի Վորոբյովն ընդգծել է խորհրդարանականների նշանակալի դերակատարությունը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններին՝ Յուրի Վորոբյովը փաստել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է եւ կշարունակի աջակցել այս բարդ քաղաքական գործընթացի խաղաղ կարգավորմանը:
ՌԴ ԴԺ ԴԽ փոխնախագահը Հակոբ Արշակյանին որպես պատվավոր հյուր հրավիրել է Վոլոգդայի մարզում հուլիսի 4-7-ն անցկացվելիք «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի մանկական փառատոնի եզրափակիչ փուլի բացման արարողությանը: Առաջարկն ընդունվել է հայկական կողմից: Նշվել է, որ միջոցառմանը կհրավիրվեն նաեւ երեխաներ Հայաստանից:
ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական համագործակցության ակտիվացման կարեւորությանն ու ընթացիկ խնդիրներին են անդրադարձել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը եւ ռուսական կողմից՝ Կազբեկ Տայսաեւը: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ընդգծվել է օրենսդիրների զգալի դերը:
Աշխատանքային հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահն առաջարկել է միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին, Դիլիջանում: