24.11.2024
Հանրային օրգազմը ապոգեյին հասցնելու համար, Նիկոլը կկալանավորի նաև իր եղբայրներից մեկին
prev Նախորդ նորություն

Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն է հիշեցնում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն են հիշեցնում, երբ չէին խնայում ո՛չ մերձավոր զինակիցներին, ո՛չ կանանց ու երեխաներին։ Վերջին կոռուպցիոն «բացահայտումների» շոուի գլխավոր դերակատարները հիմնականում կանայք են՝ էկոնոմիկայի 32-ամյա փոխնախարարը, վարչության պետը, «Սիներջի» ընկերության 2 կին ներկայացուցիչ, որոնց նախնական կալանքի հարցում Փաշինյանի գրպանային իրավապահներն անգամ հաշվի չառան նրանց խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին եւ մեղադրանքի բնույթը: Անգամ «բռնապետ» հռչակված Սերժ Սարգսյանի ժամանակ չգրված կանոն կար, որ տնտեսական հանցագործությունների համար կանանց նախնական կալանք չէին տալիս` նրանք ազատության մեջ էին մնում մինչեւ դատավճիռը։


Երեկ կանանց իրավունքների պայքարի առաջամարտիկ Զարուհի Բաթոյանին հարցրինք՝ խնդրահարույց չէ՞ կատարվածը։ «Ես շատ ընդհանրական պատասխան եմ տալու, բայց բոլոր իրավիճակներում կանայք եւ երեխաները շատ ավելի խոցելի են, քան տղամարդիկ, լինի կոռուպցիոն սկանդալ, թե բռնություն, քաղաքական կյանք, անկախ քաղաքական պատկանելությունից։ Ցավոք, դա եղել է միշտ եւ շարունակում է ինձ մտահոգել։ Ես կարծում եմ, որ, այո, մենք պետք է միշտ զգույշ լինենք, երբ գործ ունենք կանանց հետ, այո՝ անմեղության կանխավարկածի հետ, սա միշտ եմ ասել»։ Այսինքն՝ խնդրահարո՞ւյց եք համարում եւ կարծում եք, որ կանանց «փակում» են, քանի որ նրանցից հե՞շտ է ցուցմունքներ ստանալը։ «Հույս ունեմ, որ ոչ»: Իսկ դատապարտո՞ւմ եք, որ կանայք են թիրախավորվել։ «Ես դատապարտում եմ ցանկացած թիրախավորում, որը մարդու սեռով, հաշմանդամությամբ եւ քաղաքական պատկանելությամբ է պայմանավորված»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը, ըստ ամենայնի, հարցաքննության կհրավիրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական մարմնում քննարկվել է հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել գնումների գործընթացները։ Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էին նաեւ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Քրեական գործով անցնող 7 մեղադրյալները կալանավորված են։ Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ եւ օժանդակությամբ չարաշահել են ծառայողական լիազորությունները։ Այս խմորը դեռ երկար ջուր կտանի»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը ստիպված է նոր պատճառաբանություններ մտածել՝ իր վարույթում գտնվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությանը վերաբերող վարույթը հետաձգելու համար։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները դիմել էին ՍԴ՝ այս օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով, սակայն արդեն 2 տարուց ավելի է անցել, բայց ՍԴ որոշումը չկա ու չկա։ Պատգամավորների մեկ հինգերորդը՝ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ՍԴ-ին են դիմել 2021 թ. նոյեմբերին: ՍԴ-ն 2022 թ. հուլիսին դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու՝ այդ ընթացքում կասեցնելով գործի քննությունը: 2023-ի ապրիլին վերջապես ստացվեց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ թվում էր, թե գործի քննությանը խանգարող հանգամանք այլեւս չպետք է լինի, սակայն ՍԴ դատավորները 2023թ. հուլիսի 7-ին կրկին որոշեցին վարույթը կասեցնել, քանի որ Գլխավոր դատախազությանը 21 կետից բաղկացած հարցադրումներ էին ուղարկել՝ կապված օրենքի գործնական կիրառության հետ։ Մենք դատախազությունից հետաքրքրվեցինք` արդյոք պատասխանե՞լ են ՍԴ դատավորների հարցաշարին։ Մեզ ասացին, որ պատասխաններն արդեն ուղարկվել են Սահմանադրական դատարան, ՍԴ-ից էլ փոխանցեցին, որ պատասխանները ստացել են, ուսումնասիրում են։ Փաստորեն, կարող ենք ակնկալել, որ մոտ օրերս այս գործով ՍԴ-ն որոշում կկայացնի կամ էլ նոր պատճառներ կմտածի՝ գործի քննությունն էլի ձգելու համար։


 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Գրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ մի խումբ համախոհներ կուսակցություն են ուզում ստեղծել։ Տեղեկացանք, որ Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը վերջին օրերին մարզային հանդիպումներ են սկսել, հանդիպում են անկուսակցական գործիչների, շարքային բնակիչների հետ, անսպասելի այցելություններ են կազմակերպում անծանոթ անձանց տներ, բացում են դռներն ու ներս մտնում՝ տեղեկացնելով իրենց մտադրությունների մասին։ Հավանաբար, սա կատարվում է առաջիկա քաղաքական գործունեության շրջանակներում: Նրանք արդեն եղել են Շիրակի մարզում, իսկ առաջիկայում նախատեսում են Գեղարքունիքի մարզ այցելել։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունում աջ ձեռքը չգիտի՞, թե ձախն ինչ է անում: Մինչ իշխանական շրջանակներից հայտարարություններ են անում Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները փոխելու անհրաժեշտության մասին, իսկ օրերս էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր օրհներգն ու զինանշանը փոխելու մասին կարծիք հայտնել, ԿԳՄՍՆ-ն նախօրեին շրջաբերական է ուղարկել դպրոցներին՝ հանձնարարելով, որ ամեն երկուշաբթի՝ մինչ դասերի սկսվելը, դպրոցում հնչի ՀՀ օրհներգը․ կա՛մ ձայնագրությամբ, կա՛մ էլ ակապելա կատարմամբ դպրոցի աշակերտները պետք է կատարեն: Շրջաբերականում մանրամասն նկարագրել են նաեւ դրոշի տեղակայման վայրը եւ տեսքը, այն չպետք է լինի ճմրթված, պետք է ուղիղ տեղադրված լինի շքամուտքում, ունենա մաքուր, կոկիկ տեսք։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, 2023թ.-ի մարտից քաղաքացիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի: Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում մոտ 35.000 ԱՀ քաղաքացի, որոնց իրավունքները փաստացի կոպտորեն խախտվել են: Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս այս հարցով փակ քննարկում են արել ու կոնսենսուսի են եկել, որ պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն»։


 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն ԲԴԽ անդամի գիտնական թեկնածու Կարեն Թումանյանի հետ հանդիպել է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ԱԺ 334 սենյակում։ Ըստ մեզ հասած լուրերի՝ ՔՊ-ականներին Թումանյանի թեկնածությունը ներկայացրել է Արփի Դավոյանը ու գովել նրան։ ՔՊ-ականները հանդիպմանը հարցեր չեն տվել, քանի որ մինչ այս հանդիպումը Թումանյանի հետ հանդիպումներ ունեցել են այլ պաշտոնի թեկնածուի կարգավիճակով, մասնավորապես՝ երբ նա ցանկացել է ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր, սակայն ՔՊ-ն նրան չընտրեց: Մեզ ՔՊ-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ ՔՊ-ականները ակտիվ են եղել ու շատ հարցեր են տվել, իսկ այս հանդիպմանը միայն լսել են: Տեղեկացնենք, որ ՔՊ-ականների հետ դռնփակ նախկին հանդիպումներից մեկի ժամանակ պատգամավորներից մեկը հարցրել է, թե զինծառայության հետ ինչ խնդիր է եղել, Թումանյանը պատասխանել է՝ որեւէ խնդիր չկա, բոլոր հարցերը կարգավորված են օրենքով: Իսկ երբ մի քանի ՔՊ-ականներ եւս սկսել են հետաքրքրվել, թե ծառայության հետ ինչ խնդիր է եղել, ամեն դեպքում, նրանց պատասխանել են՝ հեչ։


Ըստ մեր տեղեկությունների՝ թեկնածուի ընտրությունը կկայանա առաջիկա լիագումար նիստում, ու ՔՊ-ին հրահանգված է միաձայն քվեարկել Թումանյանի օգտին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե Հակակոռուպցիոն կոմիտեում ինչ ցուցմունք է տվել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը։ Տեղեկացնենք, որ պոռոտախոս թաղապետը, որ ակտիվ է ակումբերում պարելիս, նախաքննական մարմնում շատ քիչ է խոսել ու ընդամենը քննիչին հայտնել է, թե տեղյակ չի եղել, որ իր ենթակաները նման հակաօրինական բաներ են արել, ու, առհասարակ, իր ենթակաների պահվածքի մասին իմացել է մամուլից։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանում որպես վկա է հրավիրվելու հարցաքննության Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը: Նշենք, որ իրավապահները կաշառքի քրգործով կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին:


Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին»։