Ալիևի նոր պահանջը. ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը
Հայաստանի Սահմանադրությունում եւ այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն դե ֆակտո խաղաղություն է, և արդեն մի քանի ամիս է, ինչ երկու երկրների սահմանին խաղաղ իրավիճակ է տիրում»,- ասել է Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Նա ընդգծել է, որ այս գործընթացի տրամաբանական ավարտի համար անհրաժեշտ է «խաղաղության պայմանագիր կնքել և վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին»։
"Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո",- ասել է Փաշինյանի "կառուցողական" գործընկեր Ալիևը:
VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ «Հայաստանի Հանրապետությանը նոր Սահմանադրություն է պետք, ոչ թե սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունը կդարձնի ավելի մրցունակ և ավելի կենսունակ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»,- ասաց Փաշինյանը։
Գործող Սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության Հռչակագրին: