Միրզոյանը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի վերաբերյալ
Հունվարի 29-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության:
Օգտվելով առիթից՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ ՀՀ-ի կողմից ցավակցություն է հայտնել տարեսկզբին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա։
Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ: