Հայաստանն ու Վրաստանը քննարկում են համատեղ մաքսային հսկողություն իրականացնելու հարցը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայ-վրացական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստին քննարկել են Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորությունները: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում երկու երկրները կարևորել են հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը:
«Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառնությունների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպան և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից»,- ասել է վարչապետը։