Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել
Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Այդ մասին այսօր՝ հունվարի 26-ին, Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններն այսօր նշանավորվել են հանգրվանային մի իրադարձությամբ։ Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր։ Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիներին մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի և Վրաստանի ղեկավարները պայմանավորվել են նաև գործնական քայլեր ձեռնարկել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջը նաև տեղեկացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի քայլերի մասին․ «Ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա՝ խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- նշել է ՀՀ վարչապետը։