27.11.2024
Սիրիացի իրավապաշտպանները մեղադրել են Թուրքիային խաղաղ բնակիչների սպանության մեջ
prev Նախորդ նորություն

Ամերիկյան ներդրողների համար ՀՀ-ը կարող է դեպի ԵԱՏՄ եւ Իրան դարպաս դառնալ. ԱՄՆ դեսպան

Երբ Հայաստանը 2013 թ.-ի սեպտեմբերին հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին եւ հրաժարվեց Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրումից, ամերիկացի ներդրողները մի պահ հետ քաշվեցին եւ պաուզա վերցրեցին: Այս մասին armtimes.com գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Անկեղծ լինենք, ամերիկյան բիզնեսը մի պահ հետ քաշվեց, պաուզա վերցրեց, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին: Նրանց համար հասկանելի չէր, թե սա ինչ կարող է նշանակել առեւտրի ստանդարտների, մաքսային ընթացակարգերի տեսանկյունից: Ամերիկացի գործարարներն ավելի հարմար են զգում աշխատել եվրոպական շուկայում: Այդ նույն ժամանակահատվածում մենք ականատես եղանք Ռուսաստանի տնտեսության անկմանը: Այն դժվար վիճակում է», - ասել է նա:

Միեւնույն ժամանակ, դեսպանի կարծիքով, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դրական, թե բացասական հետեւանքներ կունենա, մեծապես կախված է երկրի իշխանություններից:

Վերջին վեց ամիսների շրջանում, երբ նաեւ Նյու-Յորքում տեղի ունեցավ Հայաստանի բիզնես համաժողովը, դեսպանի գնահատմամբ, ՀՀ կառավարությունը կարողանում է ճիշտ ձեւով ԵԱՏՄ անդամակցությունը ներկայացնել ամերիկացի ներդրողներին: «Սրանով Հայաստանի միջոցով կարծես դարպաս է բացվում նրանց համար դեպի ավելի մեծ շուկա: Այն հասանելի է դարձնում Ղազախստանի, ՌԴ-ի, Բելառուսի ավելի լայն եւ ընդգրկուն տարածքը: Մեր ուղերձն այն է, որ՝ այո, կարող են գալ այստեղ, իրենց տնտեսական գործունեությունն իրականացնել: Այստեղ կա բաց հասարակություն, ազատ լրատվամիջոցներ», - ասել է Միլսը:

Հատկանշական է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունը տարեկան կտրվածքով չի գերազանցում 200-220 միլիոն դոլարը, Հայաստանում ներդրումների առումով ԱՄՆ-ը զբաղեցնում է միայն հինգերորդ տեղը: Այդ առումով միանձնյա առաջատարը Ռուսաստանն է, ում ներդրումները Հայաստանում ընդհանուր առմամբ հասնում են 3-4 միլիարդ դոլարի:

Դեսպանի խոսքով, այժմ բացի ԵԱՏՄ-ից Հայաստանի միջոցով հասանելի կարող է դառնալ իրանական շուկան: «Ցանկանում եմ նաեւ նշել, որ առեւտրի եւ ներդրումների ներգրավման համար երկու շատ կարեւոր բան կարող է տեղի ունենալ: Առաջին, եթե Եվրամիության եւ ՀՀ միջեւ համաձայնագիր ստորագրվի: Երկրորդ, բացվի Թուրքիայի հետ սահմանը: Հայաստանը երբեք չի կարողանա իր ողջ տնտեսական ներուժն իրացնել, եթե գոնե առեւտրի համար Թուրքիայի հետ սահմանը բաց չէ», - ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

Իրանի նախագահի վերջերս Երեւան կայացած այցի համատեքսոտւմ անդրդառանալով հայ-իրանական հարաբերություններին՝ Միլսը նշել է, որ «միջուկային գործարքը» եւ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացումը, Հայաստանի համար «շատ լավ լուր է»:

«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Իրանի հետ, իր բոլոր հարեւանների հետ: Ուստի մենք ցանկանում ենք առեւտուր, փոխադարձ այցելություններ եւ մշակութային շփումներ տեսնել: Հայաստանը կարող է նպաստել, որպեսզի Իրանում տեղի ունենան փոփոխություններ, եւ ավելի թափանցիկ գործելակերպ այնտեղ ձեւավորվի: Հայաստանի համար կարող են որոշակի հնարավորություններ բացվել, օրինակ՝ էներգետիկ ոլորտում: Դա Հայաստանին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները: Ոչ մի երկրի համար շահեկան չէ, որ իր էներգետիկ ռեսուրսներով 90 տոկոսով կախվածության մեջ է գտնվում մեկ կամ երկու երկրից», - ասել է նա՝ հավելելով, որ Իրանի հետ հարաբերություններում դրական հեռանկարը տեսնում է միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով:

«Չեմ կարծում, որ այդ հարաբերություններում շատ շուտ կարելի է արդյունքներ տեսնել: Շատ տեղեկություններ չունեմ, բայց բիզնեսի որոշ ներկայացուցիչներից եմ լսել, ովքեր եղել են Իրանում: Իրանը որոշ ժամանակ կտրված էր միջազգային առեւտրային հարաբերություններից եւ ֆինանսական հոսքերից: Ուստի սկզբնական շրջանում Իրանի հետ հնարավոր է դժվար լինի հարաբերությունների ձեւավորումը: Այն պետք է վերաինտեգրվի միջազգային տնտեսությանը», - շեշտել է նա:

Ինչ վերաբերում է վերջերս Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգմանը, դեսպանը նշել է, որ այդ քայլը բացասական ազդեցություն չի ունենա թե «միջուկային գործարքի», եւ թե Հայաստան-Իրան առեւտրա-տնտեսական կապերի վրա:

«Միջազգային պատժամիջոցները կիրառված էին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված: Այդ պատժամիջոցները վերացվել են, սակայն կան ԱՄՆ պատժամիջոցները, որոնք պայմանավորված էին մարդու իրավունքների, ահաբեկչության հարցերով: Այդ պատժամիջոցների առկայությունը սահմանափակում է ամերիկյան ընկերությունների գործունեությունն Իրանում: Նույնիսկ միաժամանակ իրանական եւ ամերիկյան ընկերությունների հետ գործունեություն վարող հայկական ընկերությունների համար կարող են հարցեր առաջանալ: Ես փորձագետ չեմ, եթե նման բան լինի, ապա հայկական ընկերությունը պետք է այցելի ԱՄՆ գանձապետարանի կայք, ծանոթանա պատժամիջոցներին, եւ եթե ամեն ինչ հստակ չլինի, կարող են հարցերն ուղղել մեզ:

Վերջերս ԱՄՆ կոնգրեսը, իհարկե, երկարաձգեց պատժամիջոցները, սակայն դրանք միջուկային համապարփակ համաձայնագրի վրա ազդեցություն չեն ունենա: Նախագահ Օբաման գտնում էր, որ լավ կլիներ այդ պատժամիջոցներն էլ վերացվեին, սակայն Կոնգրեսն այլ ուղղությամբ գնաց», - եզրափակել է նա: