26.11.2024
ՊԵԿ-ը՝ Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից է. Արմեն Խաչատրյան

Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Ողջունելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:


Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 16-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վիլեն Գաբրիելյանը, Գուրգեն Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը:


Քաղաքական երկխոսության խորացման եւ համագործակցության կայուն առաջընթացի ապահովման համար Արմեն Խաչատրյանը կարեւորել է նման փոխայցերն ու հանդիպումները: Երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը: «Համոզված եմ, որ հետայսու մեր երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման նոր էջ կբացվի՝ հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմին նշել է, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն է ԱՄԷ-ի եւ Հայաստանի խորհրդարանականների հետ ու ակնկալում են, որ այս հանդիպումով համագործակցության ու հարաբերությանների զարգացման նոր հորիզոններ կբացվեն: Նա ներկայացրել է իրենց տարածաշրջանի անվտանգային ռիսկերը, մարտահրավերները, ահաբեկչության, ծայրահեղականության դրսեւորումների դեմ իրականացվող պայքարի մեխանիզմները: Նրա խոսքով ԱՄԷ-ի անվտանգության ռազմավարությունը մշակվել է կանխարգելման սկզբունքի հիման վրա:


Արմեն Խաչատրյանի գնահատմամբ ԱՄԷ-ն տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է, եւ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ բարեկամական ջերմ հարաբերությունները հիմք կդառնան առկա ներուժի լիարժեք իրացման համար:


Խոսելով տարածաշրջանային անվտանգային խնդիրների մասին՝ Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը: Նա նշել է, որ չնայած բազում մարտահրավերներին եւ դեռ առկա իրավիճակին՝ ՀՀ-ն ունի քաղաքական կամք կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ՝ որդեգրելով խաղաղության օրակարգ:


Պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի խոսքով նախագիծը կնպաստի խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը՝ բացելով նոր հորիզոններ տարածաշրջանում՝ հյուսիսից հարավ:


Արմեն Խաչատրյանը ներկայացրել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ վստահեցնելով, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում:


Անդրադարձ է կատարվել ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի, անվտանգության ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ: