27.11.2024
Նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է. պետք է շատ ակտիվ աշխատենք. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին՝ 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ:


«Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել Է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, որտեղ յուրաքանչյուր պետություն առանցքային դեր է խաղում տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման գործում:


Հայաստանի Հանրապետության նախագահությունը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման տասնամյա հոբելյանին: ԵԱՏՄ գործունեության տասը տարիների ընթացքում զգալի արդյունքներ են ձեռք բերվել փոխգործակցության բոլոր ուղղություններով։ Միևնույն ժամանակ, մնում են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ ավարտել արդյունավետ միասնական տնտեսական տարածքի ձևավորումը։


Միայն ջանքերի համադրման միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունները կկարողանան ապագա սերունդների համար տնտեսական համագործակցության է՛լ ավելի կայուն մոդել ստեղծել՝ անկախ քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեղաշարժերից:


Համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը պահանջում է վերանայել տնտեսական փոխգործակցության սկզբունքներն ու գործիքները։ Այս պայմաններում մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք ԵԱՏՄ-ի լիարժեք գործունեությունն ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի։


Ցանկանում եմ ընդգծել մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին ընդունված հռչակագրի և մինչև 2045 թվականը «Եվրասիական տնտեսական ուղու» կարևորությունը, որը ձևակերպել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները։


Ընթացիկ տարում մեր առջև կարևոր խնդիր է դրված. Հռչակագրի իրականացման կոնկրետ մեխանիզմները բացահայտող միջոցառումների ծրագրի մշակումը, որը մեծապես կսահմանի ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների համար։


Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության տարում, մասնավորապես, կցանկանայի ուշադրություն հրավիրել ԵԱՏՄ-ի համար կարևորագույն մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:


Առաջնահերթ ուղղություններից մեկը էներգետիկ անվտանգության ապահովումն է։ Գործողության ոչ խտրական սկզբունքներով էլեկտրաէներգիայի և էներգառեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը պետք է դառնա ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը:


Գլոբալ տնտեսական մարտահրավերների և մեր երկրների ագրոարդյունաբերական համալիրի առկա զգալի ներուժի պայմաններում կարևորում եմ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովումը:


Որակյալ և անվտանգ պարենային արտադրանքին բնակչության կայուն հասանելիության ապահովումը ԵԱՏՄ անդամ պետությունների կայուն տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ է: Անհրաժեշտ եմ համարում շարունակել աշխատանքն առավել կառուցվածքային և առարկայական օրակարգի մշակման ուղղությամբ, որը հիմնված կլինի պոտենցիալ ճգնաժամերի պայմաններում պարենի առաջնահերթ մատակարարումների սկզբունքի վրա:


Տնտեսական փոխգործակցության հիմնական տարրը տրանսպորտային և լոգիստիկ ոլորտն է: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և արդիականացումը, մաքսային ընթացակարգերի կատարելագործումը և արդյունավետ լոգիստիկ շղթաների ստեղծումը նպաստում են ապրանքների և ծառայությունների փոխանակման արագացմանը, առաքման ժամանակի կրճատմանը, ծախսերի կրճատմանը և շուկաների մատչելիության բարձրացմանը:


Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ տարանցիկ ներուժը և աշխարհագրական դիրքի հնարավորությունները՝ արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք այս փուլում դեռևս բավարար չափով չեն օգտագործվում անդամ պետությունների կողմից: Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման համար՝ առավելագույնս օգտագործելով միջազգային կազմակերպությունների և զարգացման միջազգային ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը:


Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» հեռանկարային նախագծի հաջող իրականացումը նշանակալի դեր կխաղա Եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ փոխադրումների ապահովման ուղղությամբ նախանշված նպատակների իրականացման գործում:


«Խաղաղության խաչմերուկը» կարող է մեր տարածաշրջանի երկրները կապել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, մալուխներով, գազատարներով և էլեկտրահաղորդման գծերով:


Սկզբունքորեն կարևոր եմ համարում վստահության մակարդակի ամրապնդումը։ Ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է մաքսային կարգավորման կատարելագործում՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան, ԵԱՏՄ մաքսային տարածքով անդամ պետությունների կողմից փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային և պետական վերահսկողության այլ միջոցների կիրառման նվազեցումը, մաքսային տարանցման միասնական համակարգի ներդրումը և զարգացումը։


Անվերապահ առաջնահերթություն է փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների ամբողջական վերացումը։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև այն խնդրահարույց իրավիճակներին, որոնք չեն որակվում որպես խոչընդոտ, բայց բացասական ազդեցություն են ունենում ներքին շուկայի վրա։


Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի առանձին դրույթներ անդամ պետություններին թույլ են տալիս միակողմանի սահմանափակող միջոցներ սահմանել, որոնք հանգեցնում են ԵԱՏՄ ներքին շուկայի կոռոզիային և բիզնեսի ներկայացուցիչների համար դժվար կանխատեսելի պայմանների ձևավորմանը: Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 29-րդ հոդվածը դոգմատիկ չէ և կարիք ունի հարմարվելու ժամանակակից իրողություններին և տնտեսական գործունեության պայմաններին։


ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Մի կողմից դա մարտահրավեր է Հայաստանի համար, մյուս կողմից՝ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։ Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտային, տարանցիկ և վարչական անխափան աշխատանքը, մենք հնարավորություն կունենանք խորացնել հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ, ինչը հիմքային անհրաժեշտություն է ԵԱՏՄ հետագա զարգացման և ամրապնդման համար:


Երբ մենք խոսում ենք հասարակության բարեկեցության ապահովման համար հետագա տնտեսական փոխգործակցության հրամայականի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել թվայնացմանը վերապահված կարևոր դերը, որը դառնում է Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման առանցքային շարժիչը:


Ավելի արդիական է դառնում ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի վերաձևավորման հարցը։ Ռազմավարական փաստաթղթերում արդեն նախանշված են անհրաժեշտ քայլերը՝ պլատֆորմային լուծումներին անցնելու համար: Այս համատեքստում կարևոր է հստակ սահմանել վերազգային կարգավորող մարմնի դերը։ Խոչընդոտներ չեմ տեսնում, որ լայնածավալ նախագծի համար «հավաքման կետ» դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։


Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հարցը:


Տնտեսական շահերի առաջմղման համար առանձնակի կարևորում եմ ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնումը։ Համատեղ նախագծերի իրականացման գործում դիտորդ պետությունների ներգրավումը, շահագրգիռ երրորդ երկրների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը, մեր ստանձնած պարտավորությունների պահպանմամբ, ոչ միայն կնպաստեն փոխադարձ առևտրի աճին, այլև կբարձրացնեն մեր երկրների ներդրումային գրավչությունը:


Այդ թվում, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի Հանրապետությունը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ լիարժեք համաձայնագրի հետագա գործնական իրականացմանը: Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տվել իրանական շուկայի գրավչությունն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները:


Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը մոտ ժամանակներս թույլ կտա դուրս գալ եզրափակիչ փուլ և նոր ազդակ կհանդիսանա համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ ինտեգրման համար:


Ողջունում եմ նաև Հնդկաստանի հետ տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, աշխատանքների շարունակումը այնպիսի գերակա և հեռանկարային ուղղություններով, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը:


Միության արդյունավետ զարգացման հիմնական բաղադրիչներից մեկը համակարգված և նպատակային աշխատանքն է՝ ինստիտուցիոնալ և կազմակերպչական-իրավական հիմքերի շարունակական կատարելագործման համար՝ իրավապահ պրակտիկայի ընթացքում հայտնաբերված բացերը վերացնելու և առաջացող խնդիրների գործառնական լուծման նոր մեխանիզմներ մշակելու միջոցով: ԵԱՏՄ անդամ պետությունների հարկատուները պետք է տեսնեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության շոշափելի արդյունքները և զգան փոխգործակցության և տնտեսական համագործակցության առավելությունները:


Նշված նախաձեռնությունների լիարժեք իրականացման համար կարևոր նշանակություն ունի հենց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգված և արդյունավետ աշխատանքը:


Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում բարձրացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ կադրային կազմի ընտրության և գործառնության շարունակական կատարելագործման միջոցով:


Համոզված եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում իրավահավասար համագործակցության աճն ի վերջո պետք է ծառայի բիզնեսի վարման և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ պայմանների ստեղծմանը: 2024 թվականին Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում ակնկալում եմ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցությունն ու աջակցությունը»,- նշված է վարչապետի ուղերձում: