11.03.2025
Հայաստանը հանձնառու է տևական խաղաղություն կառուցելու գործին. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Քննարկվեց ՀՀ և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվողների հետընդունման համաձայնագիրը

Համաձայնագրի վավերացումը պայմանավորված է ՀՀ եւ ԵՄ առանց թույլտվության անձանց հետընդունման ընդհանուր համաձայնագրի կիրարկման անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ««ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Դաշնային կառավարության միջեւ` «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:


Փոխնախարարի խոսքով առաջարկվում է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ կանոնակարգել ռեադմիսիոն գործընթացները: Համաձայնագրի նպատակը փոխադարձության սկզբունքով տարբեր գործընթացների հետեւանքով Ավստրիայի տարածքում հայտնված անձանց վերադարձին առնչվող հարաբերությունների կանոնակարգումն է:


Անդրադառնալով վիճակագրությանը՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ԵՄ երկրների հետ 2023 թվականի կտրվածքով ստացվել է 411 հայց, որոնց ՀՀ պատասխանը 92,99 տոկոսով դրական է եղել: Նա հավելել է, որ սա ցույց է տալիս մեր երկրի պատրաստակամությունը հետ ընդունելու այն բոլոր քաղաքացիներին, որոնք անկանոն միգրացիոն հոսքերի հետեւանքով հայտնվել են ԵՄ-ի տարածքում:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է համաձայնագրի կիրարկման գործընթացով: Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ եթե որոշված է, որ անձը չպետք է բնակվի տվյալ երկրում, վերջինս նույնականացված է, ապա ՀՀ կառավարության հետ շփումները լինում են ավելի կազմակերպչական բնույթի: Այս համաձայնագիրն այն դեպքերին է վերաբերում, երբ տվյալ պետությունը դեռեւս քննարկման ենթակա հարցեր ունի եւ պետք է հարաբերակցվի մեր երկրի հետ՝ դիտարկելու գործը եւ հասկանալու՝ արդյո՞ք անձը հետընդունման ենթակա է, թե՝ ոչ, եւ հետընդունման պարագայում Հայաստանն ինչպես է կազմակերպելու գործընթացը:


Փոխնախարարի խոսքով կարեւոր է, որ կանոնակարգումը հստակ լինի, եւ քաղաքացին վստահ լինի, որ, օրինակ, երբ անկանոն գործընթացների հետեւանքով հայտնվի որեւէ երկրի տարածքում, Հայաստանը պատրաստ է իրեն հետ ընդունելու եւ սոցիալական աջակցության որոշակի ծրագիր ապահովելու:


Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հարակից զեկույցում տեղեկացրել է, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ արդեն իսկ 2013 թվականին ստորագրվել է հովանոցային համաձայնագիր, սակայն երկկողմ արձանագրություններն ավելի են հստակեցնում կոնկրետ իրողությունները, պատասխանատու մարմինների շրջանակը, գործընթացն ավելի կանոնակարգված է լինում:


Պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի դրական դիրքորոշումը եւ կոչ արել կողմ քվեարկել:

Սայաթ-Նովայից մինչև Նալբանդյան բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը