23.11.2024
ՀՀԿ-ն նախաձեռնում է Հայոց եկեղեցու պատմության դասընթացներ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին հրավիրել է Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալին: Ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելությունում:


Վկայակոչելով հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամությունն ու առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման օրոք մեր կառավարությունները նոր եռանդով կփոխգործակցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցությունն առավել խորացնելու համար։


Անշուշտ, Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզն այդ նպատակին ծառայող արդյունավետ գործիք է, և լիահույս եմ, որ առկա բոլոր հնարավորությունները կօգտագործենք դրա հաջող իրագործումն ապահովելու համար:


Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր հետևողական ջանքերը մեր երկրի կողմից դիմագրավվող աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում:


Խորապես շնորհակալ եմ Հայաստանին առնչվող հարցերի հանդեպ Ձեր մշտական ուշադրության և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ջերմ բարեկամական վերաբերմունքի համար։


Ուրախ կլինեմ Ձեզ պաշտոնական այցով հյուրընկալելու Հայաստանում, ինչը կարևոր խթան կհաղորդի մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ամենաբարձր մակարդակով առկա հանձնառությանը։


Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթելով հաջողություններ Ձեր նախաձեռնություններում՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»։