26.11.2024
Հունաստանի ԱԳ նախարարը հունվարի 10 կայցելի Հայաստան
prev Նախորդ նորություն

Մշակութային ժառանգության պաշտպանության համակարգված գործունեություն կսահմանվի. ԿԳՄՍՆ

Նախագծի ընդունմամբ կամրագրվեն թանգարանային ոլորտի հասկացությունները, թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության պետական թանգարանում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների աջակցության ձեւերը:


Այս մասին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 9-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ հանձնաժողովի անդամներին առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Թանգարանների մասին» օրենքի նախագիծն ու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները:


Զեկուցողի խոսքով օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով:


«Կարգավորումների ընդունման արդյունքում կհստակեցվեն լիազոր պետական մարմնի լիազորությունները, ՀՀ ազգային թանգարանային հավաքածուի կազմը, դրանում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը, ժամանակավոր արտահանումը եւ այլն: Կամրագրվեն թանգարանների օգտագործման նպատակները, թանգարանների խորհրդի լիազորությունները»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը: Նա հավելել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ բնագավառում կկարգավորվեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունները:


Պատգամավորները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են թանգարանների կարգավիճակի հստակեցմանը, ոլորտում աշխատողների թվին ու նրանց աշխատավարձերի բարձրացմանը, պետական թանգարանների նմուշների օտարման հնարավորությունների արգելքին եւ այլ թեմաների:


Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ նախարարության հետ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթն առավել հանգամանալի քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը խոսել է թանգարանային նմուշների պահման պայմաններից, թանգարանների կառավարման ձեւից եւ դրա արդյունավետությունից: Թագուհի Ղազարյանը կոչ է արել դրական եզրակացություն տալ առաջարկվող նախաձեռնությանը:


Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական փաթեթի ընդունմանը:


«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: Հանձնաժողովը որոշել է հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովում կազմակերպել «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: