VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրից հետո ՔՊ վարչության փոխնախագահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում ընդունել են համայնքների ՔՊ-ական ղեկավարներին: Հանդիպմանը ներկա են եղել գրեթե բոլորը, հանդիպման նպատակը համայնքի ղեկավարների աշխատավարձերի բարձրացման թեման է եղել։ Իշխանությունը որոշել է ընտրությունների շեմին բարելավել պոտենցիալ ձայն բերողների սոցիալական վիճակը: Գրասենյակում 2 ժամից ավելի քննարկել են աշխատավարձերի բարձրացման հարցը, ասվել է, որ եթե համայնքային բյուջեն տալիս է նման հնարավորություն, ապա կարելի է բարձրացումների գնալ։ Արթիկի ղեկավար Անանիկ Ոսկանյանն առաջարկել է համայնքի ղեկավարների աշխատավարձերը գրեթե կրկնակի բարձրացնել՝ դարձնելով 800 հազար դրամ։ Կարծիքներ են հնչել նաեւ, որ միայն համայնքի ղեկավարներով խնդիրը չի լուծվի, պետք է նաեւ վարչական շրջանների ներկայացուցիչների աշխատավարձերը բարձրանան` նրանք հիմա միջինը 150 հազար դրամ են ստանում: ՔՊ-ականները համայնքապետերին խոստացել են հաշվարկել միջոցները եւ հասկանալ՝ ում աշխատավարձն ինչ չափով կարող են բարձրացնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստը վճռորոշ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ օրակարգում մայրաքաղաքի բյուջեն է ընդգրկված, այլեւ աղմկահարույց մի շարք նախագծեր, այդ թվում՝ տխրահռչակ կարմիր գծերով առանձնացված ավտոկայանատեղիների գներն ավելի քան 13 անգամ թանկացնելու նախագիծը։ Եվ չնայած ավագանու ընդդիմադիր անդամների՝ այդ նախագծի վերաբերյալ քննադատություններին, այն տապալելու, չընդունելու մեկ ճանապարհ կա՝ միասնական բոյկոտը, այլապես նրանք կիսելու են ՔՊ-ի հետ պատասխանատվությունը: Երեւանի իշխանությունները՝ ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան, ինչպես հայտնի է, չունեն ձայների մեծամասնություն՝ քվորումի եւ նիստ գումարելու համար, ուստի եթե բոլոր մյուս ուժերը միասնական կերպով չներկայանան այդ նիստին, քվորում չի ապահովվի, եւ նիստը չի կայանա: Սակայն եթե ավագանու գեթ 1 ընդդիմադիր անդամ ներկա գտնվի նիստին, այն կկայանա, եւ կարեւոր չէ՝ այդ «ընդդիմադիրը» դեմ կքվեարկի, չի քվեարկի, թե կողմ կլինի: Նա միայն իր մասնակցությամբ կօգնի, որ իշխանությունն անցկացնի այդ չարաբաստիկ փոփոխությունը եւ մեծ տուրք դնի երեւանցիների վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են ավագանու տարեվերջյան կարեւոր նիստին։ Ինչպես հայտնել ենք, Երեվանի նոր ձեւավորված ավագանին դեկտեմբերի 26-ի նիստում քննարկելու է համայնքի 2024թ.-ի բյուջեն եւ զարգացման ծրագիրը: Բյուջեն եւ զարգացման ծրագիրը ներկայացնելու է քաղաքապետը, հաստատելու՝ ավագանին: Ի տարբերություն խորհրդարանի, որտեղ ՔՊ-ն մեծամասնություն է եւ ցանկացած որոշում կայացնում է միանձնյա եւ առանց խոչընդոտի, ավագանիում ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի:
Բանն այն է, որ ընդդիմադիր երեք խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ, իսկ ՔՊ-ն եւ նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը՝ 33: Այսինքն՝ դեկտեմբերի 26-ին ամեն բան կախված է ընդդիմությունից. եթե չգնան ու չհաստատեն բյուջեն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան ՔՊ-ի համար Երեւանի կառավարման հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու ֆրակցիաներն այս օրերին թեժ քննարկումներ են անում, հատուկ ֆինանսական խմբեր են ձեւավորել, որպեսզի ուսումնասիրեն բյուջեն ու, ըստ այդմ, որոշում կայացնեն՝ գնում են նիստին, ինչպես են քվեարկելու այդ օրը:
Առաջիկայում նաեւ ավագանու ֆրակցիաները նիստեր կանեն ու վերջնական որոշում կկայացնեն այս մասով: Ինչպես մեզ փոխանցեցին, ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են միասնական որոշում կայացնել ու մեկ ճակատով այդ օրը հանդես գալ: Հավելենք, որ երեկ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ Երեւանի իշխանությունները՝ ՔՊ եւ «Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր եւ վճարներ, այդ թվում՝ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիները: Ընդդեմ այս թանկացումների նրանք երեկ ակցիա իրականացրին: «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներից հետաքրքրվել է՝ պատրաստվում են արդյոք այս թանկացումները զսպող ու ավտոկայանատեղիների համար նախատեսված վճարները կարգավորող նախագիծ բերել ավագանու նիստին։ Մեզ ասացին, որ դեռ նման քննարկում չեն ունեցել, մասնակցության եւ օրակարգի հետ կապված հարցերը քննարկելու են խմբակցության առաջիկա նիստին»:
«Հրապարակ» թերթը գրում է. Դեկտեմբերի 14-15-ը Հայաստանում տեղի է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։ Այդ հանդիպման կազմակերպման համար արտաքին գործերի նախարարությունը գնում է կատարել Մարիամ Աբգարյան անհատ ձեռնարկատիրոջից՝ նրան փոխանցելով 35 մլն դրամ: Սակայն պայմանագիրն այս ձեռնարկատիրոջ հետ կնքվել է դեկտեմբերի 18-ին՝ բուն միջոցառման իրականացումից 3 օր անց: Հարց է առաջանում, թե ինչպես է Մարիամ Աբգարյանն ԱԳՆ-ին մատուցել ծառայությունը, կազմակերպել այդ միջոցառումը՝ նրա հետ չունենալով պայմանագիր։ Ըստ ամենայնի, հետո պայմանագրային ձեւակերպում են տվել արդեն իրականացված գործողությանը: Մենք ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել այս հանգամանքը` գրավոր հարցում ուզեցին մեզնից, որն արդեն ուղարկել ենք։ Տեսնենք` ինչքան կտեւի պատասխան ուղարկելը: Փաստորեն, հարցերին պատասխանում են ուշացումով, իսկ ծառայությունները ստանում են նախապես, առանց փաստաթղթավորման:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարությունը 753 հազար 150 դրամ արժողությամբ գինիներ եւ կոնյակներ է գնել։ ՆԳՆ-ն ներկայացրել է տեխնիկական բնութագիր. կոնյակները եղել են 20 տարի հնեցմամբ «Նաիրի» կոնյակ (12 հատ)։ Գինիները, սակայն, «Զորահ ոսկի» պետք է լինեն եւ պատրաստված լինեն 50% Ոսկեհատ եւ 50% Գառան դմակ խաղողի տեսակներից 2 հատ։ Հաջորդ գնումը կատարվել է 10 տարի հնեցմամբ «Ախթամար» կոնյակի ձեռք բերման համար։ Ըստ տեխնիկական բնութագրի՝ կոնյակի գույնը պետք է լինի հիասքանչ սաթյա գույն, որն ունի պղնձային գունախաղ, բույրը՝ աշխույժ եւ նրբագեղ։ Կոնյակների քանակը 12-ն է։ Ձեռք է բերվել եւս 10 կարմիր կիսաչոր գինի՝ «Կարաս» ապրանքանիշի։ 20 տարվա հնեցմամբ 3 հատ «Նաիրի» կոնյակը ՆԳՆ-ի համար արժեցել է 105 հազար 750 դրամ։ Գնումները կատարված է մեկ անձից գնման ընթացակարգով «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ից։ ՀՀ հանրային իշխանությունները սովորություն են դարձրել կոնյակներ գնելը, այն էլ՝ ոչ թե արտադրողից, այլ այն կազմակերպությունից, որը վերավաճառում է խմիչքները, ինչպես, օրինակ, «Վինո-Վինո» ՍՊԸ-ի դեպքում է։ Հավելենք նաեւ, որ խմիչքներ գնելու դեպքում, եթե գնում կատարվեր հենց արտադրողից, գուցե ավելի էժան կլիներ նախարարության համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. Քննչական կոմիտեում եւս պատրաստվում են Ամանորին, ինչի առիթով քննչականը գնումներ է կատարել։ Մասնավորապես գնվել է 0.5 լ «Նաիրի» կոնյակ, 16 շիշ, ընդհանուր՝ 560 հազար դրամի, 0.5 լ կոնյակ «Ախթամար», 46 հատ, ընդհանուր՝ 644 հազար դրամի, նույն կոնյակից 0.7 լ տարողությամբ, 10 շիշ, 190 հազար, կոնյակների հավաքածու «Ախթամար», 0.7 լ, 8 հատ, 176 հազար դրամ, շոկոլադի հավաքածու «Գրանդ Քենդի», 43 հատ, 111 հազար 800, 1 մեծ տուփ բնական չրերի հավաքածու, 23 հազար դրամ, նույն հավաքածուից փոքր տուփերով, 2 հատ՝ 16 հազար, 10 տուփ փարիզյան սուրճ՝ 22 հազար դրամ, 5 տուփ թեյ՝ 4 հազար 250 դրամ, 1 կգ գետնանուշ՝ 5 հազար 500, 1 կգ ընկույզ՝ 5 հազար 600, 1 կգ պնդուկ՝ 5 հազար դրամ, 2 կգ խնձոր՝ 4 հազար դրամ, 2 կգ տանձ՝ 4 հազար 400, 1 կգ խաղող՝ 800 դրամ, նարինջ՝ 1 կգ, 1400 դրամ։ Այլ կերպ ասած՝ քննչականում որոշել են «թեթեւ սուրճի սեղան դնել»՝ հիմնական շեշտը դնելով խմիչքների վրա, մինչդեռ Երեւանի վարչական շրջաններում ամանորյա ճոխ սեղաններ են դրվելու՝ «քռչիկ-տժվժիկ-ավելուկի գնդիկներով»։ Ընդհանուր քննչականի ամանորյա սեղանի համար ծախսվել է 1 մլն 796 հազար դրամ։ ՔԿ-ից փորձեցինք պարզել, թե ինչ նպատակի համար են արվել այս գնումները, մեզ պատասխանեցին, որ Ամանորով պայմանավորված՝ արարողակարգային եւ ներկայացուցչական նպատակներով կատարվող գնում է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի ընթացքում էլեկտրոնային աճուրդ եւ «Գնանշման հարցում» գնման ընթացակարգերով ձեռք է բերել կահույք, խորհրդակցությունների սենյակի կահույք եւ ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար փափուկ կահույք։ Նշված գնումների գործընթացների արժեքը կազմել է 7 մլն 810 հազար դրամ։ Սրան զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ Ազգային ժողովի 334 սենյակի կահույքը գտնվում է անմխիթար վիճակում։ Նիստերի սենյակի սեղանները քերված են, մաշված, աթոռները՝ հնամաշ, քանդված կարերով: Եւ ստացվում է, որ Ազգային ժողովը զվարճանքների եւ տուրիստական այցերի համար պետբյուջեում միլիոններ ունի, սակայն 334 սենյակը մաշվում ու մաշվում է: ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ-ի բակում սրճարան է կառուցվում, ընդ որում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ցուցումով դեկտեմբերյան ցրտին սալիկապատում են սրճարանի ճեմուղին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղծ փաստաթղթերով վաճառելու, գնորդից գումարը հափշտակելու դեպքերով։ Մասնավորապես, պարզվել է, որ մեծամասամբ զոհ են դառնում երկար ժամանակով չբնակեցված բնակարանները։ Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպվում են առուվաճառք: Գնորդից ստանում են գումարը, անհետանում՝ թողնելով կեղծ փաստաթղթերի եւ փակ դռների առջեւ: Ավելին՝ ամենացավալին այն է, որ այս հանցավոր խմբին չեն կարողանում բացահայտել իրավապահները։ Բայց սա դեռ վերջը չէ. հարուցված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ գեներալ Գենադի Տավարածյանի որդին, որը եւս ներգրավված է եղել այդ գործարքների մեջ»։