VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանն անցած ուրբաթ այցելել էին ՀՀ ԱԳՆ՝ Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի, այլ կերպ ասած՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի առաջարկներին ծանոթանալու: Չնայած նրանք չեն հրապարակայնացնում, Մանուկյանի բնորոշմամբ՝ «հույժ գաղտնի նշումով փաստաթղթի կետերը», սակայն մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել 6 էջանոց գրագրությունից։ Ընդդիմադիրներին ոչ թե խաղաղության պայմանագրի տեքստն են ներկայացրել, այլ այն, թե կողմերն ինչ պահանջներ են դնում միմյանց առաջ։ Պարզվում է՝ ամենաառանցքային հարցերում փոխհամաձայնություն չկա, կա ադրբեջանական կողմի պահանջ եւ հայկական կողմի համաձայնություն։
Պարզվում է՝ Ալիեւի համար ֆունդամենտալ նշանակություն ունի Արցախի զավթումը լեգիտիմացնելը։ Նա պահանջում է, որ Հայաստանը հստակորեն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հզ/կմ-ն, որի կազմում է նաեւ Արցախը, ինչը կփակի «ռեւանշի» հավանականությունը։ Բայց ինքը չի պատրաստվում գոնե ճանաչել Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն։ Ինչ-որ ընդհանուր ձեւակերպում է նախընտրում, որ պայմանագրում ոչ թե թիվ ամրագրվի, այլ նշվի բառերով տարածքային ամբողջականության մասին։ Իսկ բուն ՀՀ տարածքը պարզ կդառնա սահմանազատումից հետո։ Մերժում է նաեւ դելիմիտացիան իրականացնել որեւէ տարեթվի քարտեզով։ Ու թեեւ ընտրությունը 1974 եւ 79 թթ․ քարտեզների միջեւ է, սակայն Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի եւ ուզում է դեմարկացիա-դելիմիտացիայի ժամանակ նոր տարածքներ զավթել Հայաստանից, ուստի որեւէ քարտեզի հետ համաձայն չէ։ Առաջարկների մեջ նշված են նաեւ անկլավները, ճանապարհների ապաշրջափակումը։ Գեղամ Մանուկյանը նշել էր, որ «առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր մտավախությունները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր «Բալասանյան դաշինք»-ի հետ համագործակցության հուշագիրը խզելու մասին: ՔՊ-ն պարզաբանել է, թե խախտվել են համագործակցության գրեթե բոլոր սկզբունքները, որ «Բալասանյան դաշինք»-ը ստվերային կառավարում է իրականացնում Գյումրիում եւ կառավարվում է դրսի ուժերի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի «ապահարզանի» գործընթացից: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մտադրված է հնարավորինս շուտ ազատվել բոլոր այն համայնքապետերից, որոնք ՔՊ-ական չեն, հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից կամ չեզոք են պահում իրենց: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ժամանակին ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի միջեւ համագործակցության հուշագիր կնքելու եւ համատեղ իշխանություն ձեւավորելու գործընթացի «կնքահայրը» եղել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը. նա է բանակցությունները վարել ու պայմանավորվածություն ձեռք բերել, որ դաշինքը կայանա:
Հիմա Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե վերջինս ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել, ում ինչ է խոստացել, ինքը քաղաքական որոշում ունի, որ տեղական ինքնակառավարման մարմիններում չպետք է լինի մարդ, որը ՔՊ անդամ չէ, այսպես ասած՝ իրենց մարդը չէ. եթե կուսակցության տեսակետը չի կիսում, ապա պետք է շուտ ազատվել նրանից: Այսպիսով, ՔՊ-ն մտադիր է առաջիկայում ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից. Կապան, Գորիս եւ մյուս համայնքներում պետք է ՔՊ-ի «սրտի ղեկավարներ» նշանակվեն: Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում ՔՊ-ն «Բալասանյան դաշինք»-ի անդամ ավագանիների վրա ճնշումներ է գործադրում, որպեսզի ավագանիները գնան եւ ընտրեն այն թեկնածուին, ում ՔՊ-ն կասի: Փաշինյանը նպատակ ունի իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին դարձնել Գյումրու համայնքապետ: Իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Ռոմանոս Պետրոսյանից, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականը, ըստ լուրերի, առաջիկայում հնարավոր է նշանակվի Շիրակի մարզպետ։ Նա մյուս փոխքաղաքապետի՝ Սուրեն Պապիկյանի ազգականի հետ ընդամենը մի քանի օր առաջ դիմում գրեց եւ ազատվեց պաշտոնից։ «Բալասանյան դաշինքի» հետ «ապահարզանից» հետո ՔՊ-ում խնդիր են դրել՝ ուժեղացնել մարզային իշխանությունը՝ ՔՊ-ի դեմքով, որպեսզի մարզում եւ հատկապես Գյումրիում կատարվող ամեն ինչ չվերագրվի Բալասանյաններին, եւ իրենք ստիպված չլինեն առաջիկայում էլի Բալասանյանների «դուռը գնալ», որ խորհրդարանական ընտրություններում օգնի իրենց՝ քվե ստանալ։ Ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ով այս պաշտոնին է նշանակվել այս տարվա հունվարին, ավելի շատ ասոցացվում է նախկինների հետ․ երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը։ Նրա աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եւ ավելի եռանդուն ու հավատարիմ մարդ է ուզում Գյումրիում ունենալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռ պապիկի դեր է ստանձնել եւ պատրաստվում է 7 հազար 500 երեխայի համար ամանորյա հրաշքն ապահովել։ Խոսքը ՆԳ նախարարության աշխատակիցների 7 հազար 500 երեխաների մասին է։ Նախարարությունը 7 մլն 500 հազար դրամ է տրամադրել, որպեսզի վերջիններս Ամանորին թատրոն գնան, մանկական ներկայացում դիտեն։ ՆԳՆ-ն նաեւ սահմանել է, որ ներկայացման մեջ պարտադիր պիտի լինեն Ձմեռ պապիկը, Ձյունանուշը եւ տոնածառ, իսկ ներկայացման սցենարը պետք է համաձայնեցված լինի ոստիկանության հետ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջը՝ Նաիրա Հակոբյանին, պետք է հարցաքննել։ Դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ նա հարցաքննվել է, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին՝ այս պահին դեռ չի հարցաքննվել։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Իրավապահները ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։ Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետեւանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին Գլխավոր դատախազությունից։
Ըստ դատախազության՝ 2023 թ.-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետեւանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշենք՝ ըստ «Հետք»-ի՝ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ Պարզվել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից մանկապարտեզների սնունդի շուրջ բացահայտված ապօրինություններից հետո տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն, ինչն էլ տնօրեններն արել են: Ավելին՝ գրել էինք, որ Երեւան քաղաքի մանկապարտեզների տնօրենների են տարել ԱԱԾ՝ հարցաքննության, եւ քննությունը ցույց կտա՝ կկալանավորեն նրանց, թե ոչ։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին պաշտոնյաների կանայք, որոնցից մեկը Երեւանի թիվ 43 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հովակիմյանն է, որը «Խոսրով»-ի արգելոցի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանի կինն է։ Վերջինիս եւս ասել են՝ դիմում գրի, ինքնակամ ազատվի։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարինե Հովակիմյանը նշեց, որ ինքն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Ի դեպ, նկատենք, որ ԱԱԾ-ի այս բացահայտումից հետո 11 մանկապարտեզի ազատված տնօրենների զգալի մասը երկար տարիներ աշխատել են նախկին իշխանությունների օրոք, ու նրանց ազատվելու գործընթացն իրականացվեց այս բացահայտումից հետո։
Նշենք, որ ԱԱԾ-ն օրերս հայտնեց՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի մատակարարման պետական գնումների մրցույթներում հաղթող ճանաչված եւ սննդի մատակարարմամբ զբաղվող «Հայկազունք» եւ «Ֆոտոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փաստացի սեփականատեր Յ.Ա-ն, նշված ընկերություններում վարորդ-առաքչի գործառույթներ փաստացի իրականացնող Պ.Մ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, առանձապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպության եւ առեւտրային կազմակերպության կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող եւ հատուցման իրավունք վերապահող, տարբեր տեսակի սննդի պահանջարկի եւ մատակարարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ուռճացված տվյալներ են ներկայացրել։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել եւ խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված առանձնապես խոշոր չափերով գումարները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն ամեն ինչ անում է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացրած դիմումները չքննի։ Խոսքը մասնավորապես «ԱԺ կանոնակարգ» օրենքի այն դրույթների սահմանադրականությանն է վերաբերում, որով փաստացի ընդդիմությունը զրկված է ԱԺ մշտական հանձնաժողովների՝ Դոնթի բանաձեւով իրենց հասանելիք նախագահների պաշտոններում թեկնածուներ ունենալու իրավունքից։ Չնայած բանաձեւով ընդդիմադիրներին հանձնաժողովներ ղեկավարելու հնարավորություն է տրված, սակայն խորհրդարանական մեծամասնությունն է որոշում, թե ընդդիմությունից ով ընտրվի այդ պաշտոններում, ով՝ ոչ։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ ընդդիմությունը հայց է ներկայացրել ՍԴ, սակայն երեկ հերթական անգամ այն չի քննվել՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»։ Հաջորդ նիստը դեկտեմբերի 19-ին է»: