ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 30-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Խաչիկի Հակոբյանի եւ Նունե Նորիկի Հախվերդյանի թեկնածությունների եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածուներ առաջարկելու վերաբերյալ հարցը:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՀՌՀ հանձնաժողովում այս պահին կա 3 թափուր տեղ, սահմանված ժամկետում թեկնածություններ առաջադրել է միայն ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հասմիկ Խաչիկի Հակոբյանի թեկնածությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ Հասմիկ Հակոբյանը գրականագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում, ապա նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Տարբեր ամսագրերում ու թերթերում հրատարակել է 50-ից ավելի գիտական ու գրախոսական հոդվածներ, 2001-2023 թվականներին խմբագրել եւ հրատարակության է պատրաստել մոտ 2 տասնյակ գրական ստեղծագործություններ:
Թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:
«Եթե ինձ վստահվի այս պաշտոնում աշխատելու հնարավորությունը, ես կպարտավորվեմ ընթերցող, վերլուծող եւ քննադատող հաղորդումներ ավելացնել հեռուստաընկերություններում: Կարեւոր է, որ եթերում հնչի բազմաբովանդակ խոսք, չխախտվի խոսքի ազատությունը, այն լինի կարծրատիպերից ու բռնությունից զերծ»,- ասել է թեկնածուն:
ՀՀ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հաջորդ թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Պատգամավորը տեղեկացրել է, որ Նունե Հախվերդյանը 1985-1998 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը, աշխատել է կայքերում եւ ամսագրերում՝ որպես լրագրող եւ մեդիավերլուծաբան, 1990-1997 թվականներին աշխատել է ՀՀ պետական հեռուստառադիոյի ընկերությունում: Անդամակցում ու համագործակցում է մի շարք տեղական եւ միջազգային ֆեդերացիաների, ասոցիացիաների, փառատոնների եւ հիմնադրամների հետ: Տիրապետում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:
Շնորհակալություն հայտնելով խմբակցությանն իր թեկնածությունը ներկայացնելու համար՝ Նունե Հախվերդյանը բարձր է գնահատել ՀՌՀ դերը՝ որպես վերլուծող եւ կարգավորող մարմին:
«ՀՌՀ գործոնը չափազանց կարեւորում եմ. այլ ավելի կոմպետենտ կառույց մեր երկրում, կարծում եմ՝ չկա»,- ասել է թեկնածուն:
Պատգամավորները հարցեր են ուղղել թեկնածուներին, որոնք վերաբերել են սուտ լուրերին, մեդիայի կարգավորման օրենքներին, լուրերի հանրօգուտ բովանդակությանը, ոլորտում պատժամիջոցների կիրառմանը եւ այլ թեմաների:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված՝ Հասմիկ Հակոբյանի եւ Նունե Հախվերդյանի թեկնածություններին: