25.11.2024
Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-վրացական խորհրդարանական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ԵՊՀ-ում պայթյունի դեպքի նախաքննությունը շարունակվում է. պատճառները պարզվում են

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։


Նախաքննության շրջանակներում պարզվել է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:


Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։ Ինչպես մահացած, այնպես էլ բուժօգնության դիմած անձինք քրեական վարույթով ճանաչվել են տուժող։ «Արմենիա» ՀԲԿ-ից և «Այրվածքների Կենտրոն»-ից ստացված տեղեկանքների համաձայն՝ բուժօգնության տեղափոխված, ԵՊՀ աշխատակից հանդիսացող երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, նրանք ի վիճակի չեն մասնակցելու որևէ վարութային և ապացուցողական գործողության: Ոստիկանության՝ ծխահարված ծառայողը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։


Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։


Նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարագիտատեխնիկական, դատաէլեկտրատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:


Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին:


Նախաքննությունը, որն իրականացվում է ձևավորված քննչական խմբի կողմից, ակտիվորեն շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պայթյունի պատճառը, դրան նպաստած հանգամանքները լիարժեք պարզելու և իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այս կապակցությամբ հաստատված փաստական տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի։