VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանը պատրաստվում է ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ վերցնել՝ ավելացնելով Հայաստանի օր-օրի աճող պետական պարտքը։ ՕՊԵԿ-ը նավթ արտադրող երկրների կազմակերպությունն է։ Վարկը Հայաստանին տրամադրվում է «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» անվան ներքո, սակայն նույն որոշման նախագծում նշվում է, որ «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։ Սա հերթական դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը ճառում է Հայաստանի բյուջեն աննախադեպ ծավալներով մեծացնելու մասին, սակայն իրականում բյուջեով նախատեսված միջոցառումները չեն կատարվում պակասուրդի պատճառով, ուստի Հայաստանը վարկ է վերցնում ու ավելացնում պետական պարտքը, որն արդեն վաղուց հատել է 10 միլիարդ դոլարի շեմը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ, գործընթաց է սկսել՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լեգիտիմության վերաբերյալ։ Մինասյանի համոզմամբ՝ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է, բայց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուզում է ձգել, ինչն օրենքի, Սահմանադրության խախտում է: Մինասյանը երեկ գրավոր դիմել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ակնկալելով, որ նա՝ որպես օրենսդիր մարմնի բնականոն գործունեության երաշխավոր, կարձանագրի այս փաստը եւ հանդես կգա ապօրինի գործող հանձնաժողովի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությամբ: Հակառակ դեպքում, Մինասյանն ասում է, այս հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, իրենք դիմում կներկայացնեն իրավապահներին, քանի որ, Մինասյանի բնորոշմամբ, Քոչարյանը «քրեաիրավական հետեւանքներ ունեցող գործողություն է թույլ տվել՝ լիազորությունների անցում, չարաշահում, իրավասու մարմինը թող քննի՝ դրա շահագրգռվածությունը եղել է նյութակա՞ն, խմբակայի՞ն, թե՞ այլ»։
Վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը՝ Մինասյանը պնդում է, որ 2023 թ. օգոստոսի 11-ից հետո ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովն այլեւս չունի լիազորություններ։ Անդրանիկ Քոչարյանն իրենց խմբակցության հարցմանը գրավոր պատասխանել է` ժամկետի երկարաձգումը հիմնավորելով այսպես. «2 տարի շարունակ, ամեն տարի 1 ամսով հանձնաժողովի անդամ պատգամավորներն արձակուրդի մեջ են եղել, հետեւաբար` հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է»։ «Այս հիմնավորումն ապօրինի է, որեւէ մարմնի, որեւէ պաշտոնատար անձի իրավունք չկա վերապահված, որ իր արձակուրդում գտնվելն իր լիազորությունների ժամկետը երկարաձգելու հիմք դարձնի։ Այդպես լինի՝ ԱԺ-ն պետք է ասի՝ ես ոչ թե 5 տարով եմ, այլ՝ հինգուկես, որովհետեւ ամեն տարի մեկուկես ամիս արձակուրդ եմ գնում»,- նկատում է Մինասյանը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ փակ քննարկում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ։ Մեզ ասացին, որ թեկնածուները եղել են չորսը, սակայն հանդիպումից հետո ՔՊ-ում հավանություն են տվել լրագրող, թատերագետ, media.am կայքի հեղինակ Նունե Հախվերդյանին, ում վերջին հրապարակումը վերաբերում է ռուսական Առաջին ալիքով «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանին էին վերլուծել։ Հախվերդյանի հոդվածի վերնագիրն է՝ «Ռուսական տեղեկատվական հարձակումն օգտակար է»: Մյուս թեկնածուները, ակնհայտորեն, շոգեքարշի դեր են խաղացել, որպեսզի չստացվի, թե մրցակցություն չկա` եղել են անծանոթ դեմքեր։ Նշենք նաեւ, որ ՀՌՀ-ն այս պահին ունի 4 անդամ, չնայած օրենքը հանձնաժողովին մինչեւ 7 անդամ ունենալու հնարավորություն է ընձեռել։ Ամենայն հավանականությամբ, նոր անդամին կընտրեն հաջորդ քառօրյայի ընթացքում: Ի դեպ, գալիք շաբաթ խորհրդարանում արտահերթ նիստեր են սպասվում, նախնական տեղեկություններով՝ արտահերթներից մեկը կարող է լինել նոյեմբերի 21-ին: Պետք է նաեւ բյուջեի նախագիծը քվեարկեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդող երկու օրերը ՔՊ-ականների համար «տանջալից եւ ծանր» են եղել: Ինչպես հայտնի է, նախորդ երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում են եղել՝ պետբյուջեի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ եթե սովորական նիստերի օրերին ՔՊ-ականները մի կերպ են ներկայանում նիստերին, մի մասը գործուղումների է լինում, մի մասն էլ անձնական պատճառներով կա՛մ չի գալիս նիստերին, կա՛մ էլ գալիս ներկայանում ու դուրս է գալիս, ապա Փաշինյանի՝ ԱԺ գնալը փոխել է ՔՊ-ականների առօրյան: Այս երկու օրերին ՔՊ-ականները մեկ մարդու պես ներկայացել են նիստերին ու անգամ նիստերի դահլիճից հազվադեպ են դուրս եկել: Իշխանական պատգամավորներին խմբակցության ղեկավարությունը հրահանգել է այդ օրերին մի կողմ թողնել բոլոր հարցերն ու առանց բացառության գալ, մասնակցել նիստերին: Չնայած Արցախի կորստին ու անվտանգային խնդիրներին՝ ՔՊ-ականները Փաշինյանին հաճոյանալու համար այնպիսի բոցաշունչ ելույթներ էին ԱԺ ամբիոնից ունենում խաղաղության մասին, որ մի պահ տպավորություն էր ստեղծվում, թե մենք Շվեյցարիայում ենք ապրում: Այսպիսով, ՔՊ-ականների մոտ «գեբելսյան» կարգերն են գործում, ամեն բան ի չիք է դառնում, կարեւորը ՔՊ-ն է ու Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով: Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Հիմա էլ քննիչները լսում են Վիտալի Բալասանյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ապօրինաբար լիազորություններից զրկելուց հետո հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, որը կրթաթոշակ է ստանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է 8 մլն 785 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 576 հազար դրամը կրթաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ 8 մլն 209 հազար դրամ Բաքոյանը աշխատանքի վարձատրություն է ստանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Բաքոյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, որը գտնվում է Արարատի մարզի Վեդի համայնքում. այն ձեռք է բերվել 2019 թվականին։ Բնակելի տան ձեռք բերման եղանակը Բաքոյանը չի նշել։ Բաքոյանն այլ անշարժ գույք չի հայտարարագրել եւ չի հայտարարագրել նաեւ տրանսպորտային միջոց։ Բաքոյանը, սակայն, հայտարարագրում նշել է, որ 90 օրից ավելի շահագործում է մեքենա, որը փաստացի իրեն չի պատկանում, այսինքն՝ մեքենա է վարում, որն իր անունով չէ:
Նա նաեւ Ռուսաստանում մի բնակարանի հետ է առնչվում, որի մասին մամուլը գրել էր, բայց էլի ոչինչ չկա իր անունով պաշտոնապես: Բաքոյանի բանկային դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 185 հազար դրամ, սակայն տարեվերջին դրանք զրոյացել են։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 18 հազար ԱՄՆ դոլար եւ 23 մլն դրամ։ Բաքոյանի հայրը՝ Քուպար Բաքոյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում։ Հոր կանխիկ դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 442 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Մայրը՝ Զուրբա Բաքոյանը, հայտարարագրել է նույն բնակարանը, ինչ որ որդին։ Մոր տարեկան եկամուտները կազմել են 451 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Հիշեցնենք նաեւ, որ Բաքոյանը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ. պարբերաբար կռիվների ու կրիմինալ պատմությունների կիզակետում է հայտնվում: Անգամ նրա քաղաքացիական կինը հրապարակավ հայտարարեց, որ պատգամավոր Բաքոյանը իրեն պարբերաբար ծեծել է եւ գումար պահանջել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններում այսուհետ կտեղադրվեն ՊՈՍ (POS) տերմինալներ: Ընդ որում՝ խոսքը «Էվոկաբանկ»-ի տերմինալների մասին է: Տեղեկացանք, որ այս տերմինալների անհրաժեշտությունն առաջացել է՝ անկանխիկ գործառույթների անցմամբ պայմանավորված: Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջեւ այս տարի կնքվել է «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով: Մենք տեղեկացանք, որ այժմ գույքագրում է իրականացվում՝ հասկանալու համար, թե պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար որքան տերմինալներ են անհրաժեշտ: Հետաքրքիր է, որ բանկի հետ պայմանագիր կառավարությունը ստորագրել է այս տարվա փետրվարին, սակայն նախագծի հիմնավորման կամ նկարագրության մեջ այդպես էլ չի մատնանշվում, թե ինչու է ընտրվել հենց այդ բանկը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված գույքն ընդունելու եւ այն ներքին գործերի նախարարությանն ամրակցելու հարցը։ Պարզվում է` այդ գույքն ընդամենը 1 հատ «MITSUBISHI L200» մակնիշի ամենագնաց է, որի արժեքը 16 մլն դրամ է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը սկսել է մի շարք, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների ծախսած բենզինի եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը: Արդեն անդրադարձել ենք ԱԺ հանձնաժողովների նախագահներին եւ ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին եւ դրանց հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենան: Հարցրել էինք՝ քանի մեքենա է սպասարկում Փաշինյանին, եւ, ըստ մեքենաների, խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե որքան դիզվառելիք է ծախսվել նրան սպասարկող բոլոր ավտոմեքենաների կողմից: Նաեւ խնդրել էինք հավելել՝ որքան բենզին է հավելյալ տրամադրվել վերը նշված բոլոր սպասարկող մեքենաներին եւ ինչ անհրաժեշտությամբ: Բավականին օպերատիվ կերպով վարչապետի աշխատակազմից մեր հարցումը վերահասցեագրեցին Պետական պահպանության ծառայություն:
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթին ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների եւ միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ նրանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի եւ, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին:
Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»: Այս երկարաշունչ պատասխանը ենթադրում է մեկ բան՝ ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների եւ դրանց վերաբերյալ տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չէ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր կորտեժը ոչ միայն երեւանյան ու առհասարակ հայաստանյան երթեւեկությունն է կաթվածահար անում, այլեւ իր գոյությամբ արդեն համարվում է պետական գաղտնիք: Իսկ մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն ինքն էր քննադատում «պադավատապետությունը», պետության հաշվին ծախսված գումարների անարդյունավետությունը. հիմա նա անձամբ է վատ օրինակ ծառայում: