Երբ Արցախից տեղահանված բուժաշխատողները ձեռք կբերեն ՇՄԶ հավաստագիր
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հիշեցրել է, որ լրացմամբ առաջարկվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու նպատակով ավագ եւ միջին բուժաշխատողների համար օրենքով նախատեսված ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ներկայում Առողջապահության ազգային ինստիտուտում գրանցված է շուրջ 800 ավագ եւ միջին բուժաշխատող: «Վերապատրաստման գործընթացը բավականին ակտիվ շարունակվում է»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը գործընթացն ամբողջությամբ կավարտվի, բուժաշխատողները ձեռք կբերեն ՇՄԶ հավաստագիր եւ կկարողանան անցնել աշխատանքի:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: