23.11.2024
Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումներով:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մարիոթում» կայացած փակ հանդիպմանը արցախցի քաղաքական գործիչները չէին հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ներկայացուցիչներին։ Պարզ է, որ Սամվել Շահրամանյանը եւ նրա կողքին մնացած անձինք չեն ուզում նույնացվել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ էլ անգամ ՀՅԴ-ի հետ։ Չնայած խորհրդարանական ընդդիմությունն առաջարկել է իր աջակցությունը։ Սակայն մենք տեղեկացանք, որ օրերս հանդիպում է տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ։ Հանդիպման նախաձեռնությունը եկել է Սերժ Սարգսյանից, որն, ինչպես ՀՀԿ-ական մեր աղբյուրներն ասացին, չնայած անձնապես ծանոթ, առավել եւս` մտերիմ չէ Շահրամանյանի հետ, սակայն կարեւորելով նախագահի ինստիտուտը եւ Շահրամանյանի՝ Բակո Սահակյանի հետ ունեցած մտերմությունը, ցանկություն է հայտնել հանդիպել, լսել Շահրամանյանին, փորձել անձնապես աջակցություն հայտնել։ Թե ինչ են խոսել եւ առավել եւս` ինչ են պայմանավորվել, բնականաբար, չեն հայտնում:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին ՔՊ-ի 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ չնայած Ռուսաստանի սպառնալիք-նախազգուշացումներին։ Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ Հռոմի կանոնադրությունը վավերացրած յուրաքանչյուր երկիր պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե նա ժամանի տվյալ երկիր։ Սակայն, ինչպես ասում են, կատվի վազքը մինչեւ մարագն է, Հռոմի ստատուտը դեռեւս ուժի մեջ չի մտել, բայց վավերացումից հետո ՌԴ-ն անցել է սանկցիաների մեր հայրենակիցների նկատմամբ՝ հարկային ստուգումներ, դեպորտի սպառնալիքներ, հայկական վարորդական վկայականները ճանաչելու գործընթացի հետաձգում եւ այլն։ ՌԴ դեմարշից հետո Հայաստանը փորձում է հարթել սրված հարաբերությունները։ ԱԳՆ-ն հայտնել է, որ հայկական կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել Ռուսաստանի մտահոգությունները։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ երեկ բացել է փակագծերը, ասելով, որ կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Ռուսական կողմը դեռեւս չի պատասխանել ՀՀ առաջարկին։ Իշխանական շրջանակներում հույս չունեն, որ պատասխան կստանան, համոզված են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ՌԴ-ում չեն մարսել ու չեն ներելու»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կգնա խորհրդարան: Նա կմասնակցի 2024թ.-ի պետբյուջեի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: ՔՊ-ականները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարցեր պետք է տա նախարարին: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում: Ամեն անգամ, երբ Արարատ Միրզոյանը գալիս է խորհրդարան, ԱԺ նախկին նախագահին շատ սառն են դիմավորում թիմակիցները: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արդեն տեւական ժամանակ է՝ իր թիմակիցների հետ կապը կտրել է, չի շփվում նրանց հետ: ՔՊ-ականները նման վերաբերմունքով իրենց պատասխանն են տալիս Միրզոյանին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է արել, եւ քննարկել են հեռավոր Վարդենիս ու Ալավերդի համայնքների ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր: Պաշտոնապես տարածված այս տեղեկությունը խիստ մտահոգիչ էր, քանի որ բազմազբաղ վարչապետը որոշել է երկու քաղաքների ավագանիների հարցերով զբաղվել: Իրականում, ArmLur.am-ի տեղեկություններով, Ալավերդիում ՔՊ-ն փորձում է իմպիչմենթի գործընթաց սկսել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու համար, քանի որ նա «Ապրելու երկիր» կուսակցությունից է: Նախաձեռնությունը պետք է կյանքի կոչի Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նա այս օրերին բանակցություններ է վարում նաեւ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամների հետ, փորձում է նրանց համոզել, որ միանան իր նախաձեռնությանը, բայց ապարդյուն։


Ավելին՝ նույնիսկ որոշ ՔՊ-ականների համար է Դավիթ Ղումաշյանը անընդունելի, քանի որ Ալավերդիում նա այնքան էլ ընդունված կերպար չէ: Վերջինս հայտնի է նաեւ իր սկանդալային վարքագծով. բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ նա մի քանի անգամ ծեծկռտուքների մեջ է ընկել: Նկատենք, որ Դավիթ Ղումաշյանը հանդիսանում է Սուրեն Պապիկյանի հովանավորյալը, ում անունից էլ անպատիժ գործում է Ալավերդիում: Ինչ վերբերում է Վարդենիսին, ապա այնտեղ ավագանու ընդդիմադիր խմբակցությունը սեպտեմբերի 19-ից մեկնարկած հանրահավաքների ժամանակ իր աջակցությունն էր հայտնել Հանրապետության հրապարակում հավաքվածներին, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին: Նիկոլ Փաշինյանը որոշել է միանձնյա ՔՊ-ական իշխանություն հաստատել ողջ երկրում. չեզոքացնում է բոլոր ընդդիմադիր համայնքապետերին, ավագանիներին: Նա միակուսակցական երկիր է սարքում հեղափոխական ու ժողովրդավարական կեղծ արժեքների անվան տակ:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունն օրեր առաջ տուգանվել է: Խոսքը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի, այլ կերպ ասած` «Շանգրի Լա» խաղատան մասին է: Մեկ անգամ տուգանել են ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, մյուսը` անկանխիկ գործարքների խախտման համար: Տուգանքի չափը երկու փաստով կազմում է 1 միլիոն 520 հազար դրամ: Սակայն կարեւորը չափը չէ, այլ այն, որ տուգանելու տակ շատ քաղաքական ուղերձ կա․ վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը, բազմաթիվ այլ գործարարների պես, օգնություն է տրամադրում արցախցիներին: Նրա շրջապատի եւ կուսակցության անդամները հանդես են գալիս իշխանություններին ուղղված քննադատությամբ, եւ այդ ամենը չի վրիպում Նիկոլ Փաշինյանի աչքից, ով ուզում է, որ բիզնեսը հավատարմորեն ծառայի իրեն, ոչ մի քաղաքական պրոցեսի չմասնակցի, տարեկան մի քանի անգամ էլ իր կնոջ հիմնադրամին գումարներ փոխանցի, եւ վերջ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարությունը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի` ԱԱԾ մեկուսարանի պետ Արման Մելքոնյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» է կիրառել: Պատճառը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հետ կատարվածն է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Մասնավորապես, օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել էին Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ էին հաստատել վերադասի հետ, որը թույլ էր տվել՝ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Այս հանդգնության համար ՔԿՀ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը ազատվեց պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ տեղեկացրեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ ծառայողական լիազորությունները գերազանցելու համար Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը: Հիշեցնենք, որ Արման Մելքոնյանը Աժ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հովանավորյալը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, թե ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել սեփական համայնքի ղեկավար հանդիսացող Թովմաս Շահվերդյանի հետ: Պարզվում է՝ Շահվերդյանի ֆեյսբուքյան էջը թույլ է տալիս միայն հետեւել հրապարակումներին, հաղորդագրություն գրելու հնարավորությունը փակ է: Եթե բնակիչները որեւէ խնդիր կամ հարց ունեն, չեն կարող կապի դուրս գալ համայնքի ղեկավարի հետ, քանի որ Թովմաս Շահվերդյանի հեռախոսահամարը, սոցիալական էջերը, բոլոր հասանելի խողովակները վերջին աղմկահարույց դեպքերից հետո փակ են բոլորի առջեւ: Մնացել է փոստային առաքանու տարբերակը եւ այցը համայնքապետարան՝ Աստծո հույսով, որ կընդունի համայնքի ղեկավարը բնակչին եւ կլսի նրանց: Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի ճանապարհին: Մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Մասնավորապես՝ կրակոցները եղել են հողի թեմայի շուրջ, եւ հաշիվներ պարզելուն ներկա են եղել համայնքի ղեկավարը եւ տեղակալը: Հավելենք, որ ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ երկրպագու հանդիսացող Թովմաս Շահվերդյանը նախկինում եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Վահրամ Թոքմաջյան անհատ ձեռնարկատիրոջ հետ՝ վերջինիս փոխանցելով 25 մլն 800 հազար դրամ` մոտ 64 հազար դոլար։ Վահրամ Թոքմաջյանը, ով պատմաբան է, պատմության ուսուցիչ եւ ժամանակին աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, պարբերաբար հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի հրապարակումներով: Այդ գումարի դիմաց նա պետք է կազմակերպի «Գիտության եւ գործարարության օրեր» անունը կրող համաժողովի հանրայնացման աշխատանքները, կարճ ասած՝ պետք է ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում էջեր վարի, պարբերաբար հաղորդագրություններ տեղադրի, գովազդներ միացնի, ինչպես նաեւ համաժողովի օրը ապահովի 30 լրատվամիջոցի ներկայություն այդ համաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ 2-ին` Սունդուկյանի անվան թատրոնում»: