24.11.2024
Որն է այսօրվա Հայաստանի գլխավոր հարցը
prev Նախորդ նորություն

Պատանդ են վերցրել ու շանտաժի ենթարկել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 28-ին տված իր հարցազրույցում խոստովանեց, որ ադրբեջանական կողմն ընտրովի մոտեցում է ցուցաբերել: Իրեն հաջողվել է ուղղաթիռով հասնել Սիսիան, իսկ երեք նախկին նախագահներին ուղղաթիռով չեն տեղափոխել` նրանք առեւանգվել եւ գերի են տարվել Ստեփանակերտից: Նա եթերում ասաց. «Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաեւ կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել եւ տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»: Շահրամանյանն Արցախի ՊԲ գործող հրամանատարի եւ իր անվտանգության երկու աշխատակցի հետ ուղղաթիռով է տեղափոխվել։ Շահրամանյանին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ նախկին նախագահների համար էլ են բանակցել` ուղղաթիռով Հայաստան տեղափոխելու հետ կապված, սակայն Ադրբեջանը չի համաձայնել: Ավելին, անցակետը հատող ԱԱԾ եւ ՆԳ նախարարներին պատանդ են վերցրել եւ հայտարարել` մինչեւ նախկին նախագահները չհանձնվեն, նրանց չենք ազատի: Այդ մասին իմանալով՝ Ստեփանակերտում գտնվող նախկին նախագահները հանձնվել են ադրբեջանական կողմին, որից հետո ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին ու ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին թողել են, որ սահմանն անցնեն, իսկ Շահրամանյանը` ուղղաթիռ նստի: Մեր աղբյուրը Շահրամանյանի հանդեպ նման «բարյացակամությունը» բացատրեց նրանով, որ Արցախի մի քանի օրվա նախագահն ադրբեջանցիների համար չուներ այն նշանակությունը` «սիմվոլիկան», որքան նախկին նախագահները։


«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ հայտարարում է, թե իր իշխանությունում թեւեր, ճյուղեր չկան, իրենք կուռ, միասնական ուժ են, սակայն իրականում տարբեր անձանց ու կլանների միջեւ ներիշխանական հուժկու պայքար կա՝ հանուն ազդեցության, դիրքի, փողի։ Ի թիվս այլ համայնքների, Կոտայքի մարզի Արզնի համայնքում կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ են կայացել, որոնք ավարտվել են ՔՊ-ից առաջադրված գործող համայնքապետ Ալեքսանդր Միրզոեւի պարտությամբ։ Նա մոտ 80 ձայնով պարտվել է մերձավոր ազգականին՝ Ֆելիքս Միրզոեւին, ում, մեր տեղեկություններով, ստվերային աջակցում էր նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ ՔՊ վարչության անդամ, ներկայում ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանը, փաստորեն, հանդգնել է տակից աշխատել իր կուսակցության դեմ եւ անգամ հաջողության է հասել։ Մենք քանիցս գրել ենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ստվերային պայքարի մեջ է Կոտայքի գործող մարզպետի դեմ եւ փորձում է մարզը կառավարել: Բանն այն է, որ Ալեքսանդր Միրզոեւը ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանի «մարդն» է։ Այս ընտրության ցավալի դրվագն այն է, որ ներիշխանական պայքարում կողմերն օգտագործել են հարազատ հորեղբոր թոռներին` իրար դեմ հանելով: Այս իշխանությունը հիրավի ազգը պառակտելու, հարազատներին միմյանց դեմ թշնամացնելու, բաժան-բաժան անելու հարցում անգերազանցելի է։ Ի դեպ, համայնքի բնակիչների պատմածով՝ հաղթած Միրզոեւը որոշակի կապեր ունի կրիմինալի հետ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի հոկտեմբերի 27-ին հանրապետությունում գրանցվել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Հայոց ամրոց» անունով: «Փաստ» թերթը փորձեց հասկանալ, թե հայաստանյան քաղաքական խայտաբղետ դաշտում, որտեղ, մեղմ ասած, կուսակցությունների պակաս չկա, ովքե՞ր են որոշել նոր ուժ ստեղծել: Մեզ հայտնի դարձավ, որ կուսակցության նախագահը Ամրամ Պետրոսյանն է՝ ծնունդով Կապանից։ Որպես հասարակական և քաղաքական գործիչ՝ նորեկ չէ. 2010-2012 թվականներին գլխավորել է Ուկրաինայի թոշակառուների կուսակցությունը. ի դեպ, նրա ղեկավարությամբ այդ քաղաքական ուժը հասել է իր պատմության ամենաբարձր հաջողությանը՝ Գերագույն ռադայի ընտրություններում զբաղեցնելով 9-րդ տեղը։ Քաղաքագիտության և ազգամիջյան հարաբերությունների միջազգային փորձագետ է, ղեկավարում է Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամը: Թերթի իրազեկ աղբյուրը նշեց, որ «Հայոց ամրոցն» առաջին հերթին ներկայանալու է որպես Հայաստանում սփյուռքի տնտեսական, սոցիալական և մարդասիրական գործունեության տեղակայման սոցիալ-տնտեսական հարթակ, և որ կուսակցությունը դրական է վերաբերվում այլ քաղաքական ուժերի և առաջնորդների հետ փոխգործակցությանն ու երկխոսությանը` զարգացնելու ամենաարդյունավետ ազգային ուղիներն ու ձևերը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ժողովուրդը, 1991թ.-ի հանրաքվեով հռչակելով Արցախը անկախ պետություն, ընտրել է իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իշխանությունից, իրավասությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս: Արցախի կարգավիճակի հստակեցման եւ արցախահայության ինքնորոշման հարցը մշտապես եղել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի առանցքը, որի շուրջ ծավալվել է բանակցային երկխոսությունը: 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո, սակայն, բանակցային գործընթացը գլխիվայր շրջվեց. ինքնորոշման հարցը ետին պլան մղելով՝ ՀՀ իշխանությունները բանակցությունների հիմնական առարկա հռչակեցին արցախահայերի անվտանգության հարցը: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի՝ զրո կետից մեկնարկի անորոշ ու ձախողված արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ, ունենք ամբողջովին հայաթափված Արցախ: Այն, որ Հայաստանի իշխանություններն այլեւս փակված են համարում Արցախի էջը, եւ նրանցից արցախամետ որեւէ քայլ սպասելը միամտություն կլինի, ակնհայտ է, իսկ թե ինչու են լռում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ տեղափոխված արցախցի պատգամավորները եւ պաշտոնյաները, թերեւս որեւէ բացատրություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվել է՝ ինչու Արցախի պատգամավորներն այստեղ արտահերթ նիստ չեն հրավիրում եւ Արցախի ինքնորոշման հարց չեն բարձրացնում: Արցախցի պատգամավորը, մեր հարցին պատասխանելով, ասաց, որ ժամանակը կգա, դա էլ կլինի, մինչ այդ դեռ շատ գործեր կան.


«Մենակ արտահերթ նիստ հրավիրելով ու դրանով բավարարվելով չէ, պետք է աշխատանք կատարել վաղվա համար, ինչ-որ պայմաններ ու հեռանկարներ ստեղծել: Սրանք իմ պատկերացումներն են, ես չեմ ասում՝ աշխատանքի արդյունքում ինչ-որ բանի միանգամից կհասնես, բայց ժամանակի ընթացքում տեւական աշխատանքն արդյունք տալիս է: Արտահերթ նիստ հրավիրելը հեշտ է, բայց միայն դա չէ. պատկերացրե՛ք՝ նիստ հրավիրեցինք, հայտարարություն տարածեցինք ու գնացինք տներով. այդպես չի լինի: Պետք է ծրագրված քայլերով աշխատանք տարվի, չպետք է նիստ անենք, լրագրողները գրեն դրա մասին ու վերջ. սիստեմատիկ քայլեր են պետք»: Հետաքրքրվեցինք նաեւ՝ դիմել են արդյոք Արցախի՝ ապօրինի գերեվարման մեջ գտնվող ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի տեղակալ Գագիկ Բաղունցին արտահերթ նիստ հրավրելու համար: Բալայանն ասաց, որ զրուցել է նրա հետ, բայց արտահերթ նիստի հարց չի քննարկվել: Թե ինչու են հապաղում արցախցի պատգամավորները, անհասկանալի է, բայց այն, որ ժամանակը միայն ու միայն մեր դեմ է աշխատում, պարզ է:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ու ցավակցական ուղերձներից զատ, որոշել է հետաքրքրվել նաեւ ներհայաստանյան հարցերով․ վաղը նա եռօրյա այցով Սյունիք կմեկնի։ Ըստ մեր աղբյուրների՝ կայցելի մարզի բոլոր խոշոր համայնքներ, կհանդիպի մարզային իշխանության եւ համայնքապետերի հետ։ Մարզի ղեկավարությանը փոխանցել են, թե նախագահը ցանկանում է ծանոթանալ մարզային խնդիրներին։ Սակայն երկրի քաղաքական ղեկավարության՝ Սյունիքի նկատմամբ վերջին շրջանի «հետաքրքրվածությունը» որոշ լարվածություն է առաջացրել բնակչության շրջանում: Եվ ոմանք չեն բացառում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության ներքո հայտնված Սյունիքում գուցե կարեւոր իրադարձություններ են սպասվում, եւ դա է այս ուշադրության բուն պատճառը։ Շաբաթ օրն էլ Փաշինյանն էր Սյունիքում` պարեկներին էր այցելել։ Ուշագրավ է, որ մեկ էլ 2 տարի առաջ՝ 2021-ին է Խաչատուրյանը եղել Սյունիքում՝ կրկին՝ Փաշինյանի այցից անմիջապես հետո>:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, որն աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ հատուկ ուշադրությամբ, իրականում իր լուրջ պատճառներն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի՛ պարոն Քյարամյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի՝ առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ տեղեկացնել.


1. Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:


2. Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով:


3. Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել:


4. Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:


ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան մեր գրության, ստացել ենք աղքատիկ տեղեկություններ. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակվում է հիշյալ քաղաքական վարույթի նախաքննությունը՝ ուստի հարցման մեջ բարձրացված մյուս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:  Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում: Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերեւս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի այս քրեական գործի քննությանը եւ ավարտին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարբերաբար ՀՀ ԱԺ-ում լսում ենք ինչ-որ օրենքների նախագծերի մասին, որոնք, իբրեւ թե, վերաբերում են խաղամոլությանը ու դրա դեմ պայքարին, սակայն ոլորտում իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում: Ամենավերջինը ՔՊ-ական պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի ու Գեւորգ Պապոյանի՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որը ՔՊ-ի կողմից դրական եզրակացություն ստացավ: Նախագիծն էլ իրենից ենթադրում էր, որ եթե մինչ այս օրենքը թույլ էր տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ եւ դրա միջոցով խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլեւ ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց միջոցով, նախագիծն ընդունվելու դեպքում ամեն մարդ իր բաժին խաղադրույքի ու գույքի, գումարի տերն է լինելու:


Կարճ ասած՝ յուրաքանչյուր խաղացող պիտի կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից: Իհարկե, գուցե լավ նախագիծ է, բայց այսպիսիք շատ են ընդունվել ՀՀ ԱԺ-ի կողմից. թղթի վրա խաղամոլությանը վերաբերող «թիթեռ են նկարել», իսկ իրական կյանքում Հայաստանում խաղամոլների թիվն աճել է հեղափոխական իշխանության տարիներին հեղափոխական տեմպերով:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր. «2017թ.-ին 138,5 մլրդ դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում, 2018թ.-ին այդ թիվն աճել է՝ դառնալով 333,6 մլրդ դրամ, 2019թ.-ին հատել է 1 տրիլիոնի շեմը, 2020թ.-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ի ամբողջ տարում 3,9 տրլն դրամից ավելի խաղադրույք է կատարվել: 2022թ.-ի հունվարից նոյեմբեր՝ 9 ամիսներին, 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել Հայաստանում»: Նկատենք նաեւ, որ ՔՊ-ն, մի կողմից, խաղատնային գովազդները արգելող օրենքներ է ընդունում, մյուս կողմից՝ իշխանության սիրելի եւ հովանավորյալ Vivaro ընկերությունը մարդկանց գրավում է հրապուրիչ արտաքինով կանանց մասնակցությամբ գովազդներով, հայտնիների մասնակցությամբ խաղարկային հոլովակներով եւ այլն: VBet բուքմեյքերական ընկերության սեփականատերեր Վահե եւ Վիգեն Բադալյանները, որոնք իշխանության սիրելի անձանցից են (ավելին՝ Վիգեն Բադալյանի անունը կապվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, որը դեռ 2018 թվականին հայտարարեց, որ Vivaro-ի տեր Վիգեն Բադալյանն իր ընկերն է) անթաքույց շարունակում են իրենց գովազդային արշավները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս խայտառակ վիճակագրության առիթով կապ հաստատել Vivaro ընկերության հետ՝ պարզելու, թե ինչպես են մեկնաբանում վերը նշված փաստերը, սակայն ապարդյուն:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է, որ ԱԺ մեքենաների վերանորոգումն իրականացնում է «Գարանտսերվիս» ՍՊԸ-ն, որը նաեւ ոստիկանության եւ ՊՆ մատակարարներից է։ Այս ընկերությունը եւ մի շարք այլ ընկերություններ ժամանակին Հակոբյան եղբայրների համատեղ սեփականությունն էին. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի մահից հետո անցել են եղբոր՝ Հրայր Հակոբյանի տնօրինությանը։ Դատական տեղեկատվական հարթակից տեղեկացանք, որ Արմեն Հակոբյանն իր հանգուցյալ հայրիկի՝ Վերսանդիկ Հակոբյանի ներդրումները ստանալու նպատակով դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան՝ «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանը «Գարանտսերվիս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը ընդունել է վարույթ։


«Ժողովուրդ» օրաթերթը գործի մանրամասներին ծանոթանալու նպատակով կապ հաստատեց Արմեն Հակոբյանի հետ, որն ասաց, որ Հրայր Հակոբյանը խուսափում է իր եղբոր իրավահաջորդներին պարտքերը վճարելուց՝ չտրամադրելով համապատասխան փաստաթղթերն ու հաշվետվությունը, ինչի հետեւանքով ինքն ու եղբայրը հարցին լուծում տալու այլ տարբերակ չեն տեսել եւ դիմել են դատարան։ Արմեն Հակոբյանը հավելեց նաեւ, որ «Սպիտակ Դելֆին», «Բեստտուր», «Ֆրաս Պարկ», «Շամպայն գինիների գործարան», «Գարանտսերվիս», Ֆրանսիայի Հանրապետությունում, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ընկերությունները Վերսանդիկ Հակոբյանին պարտք են շուրջ 3.000.000 ԱՄՆ դոլար փոխառության գումար:


Ա. Հակոբյանը մտավախություն ունի, որ Հրայր Հակոբյանը ցանկանում է յուրացնել կամ կեղծ սնանկության հատկանիշներ ստեղծել այդ ընկերություններում, որպեսզի խուսափի պարտքը վճարելուց: Դրա համար հիմք են հանդիսանում այն փաստերը, որ Արմեն Հակոբյանը, հանդիսանալով այդ ընկերություններից մի քանիսի բաժնետեր, բազմիցս դիմել է Հրայր Հակոբյանի ղեկավարած կազմակերպություններին այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչին ի պատասխան՝ կա՛մ մերժում է ստացել, կա՛մ որեւէ պատասխան չի ստացել: Արմեն Հակոբյանն ասաց նաեւ, որ, բացի այս գործից, հարուցված են բազմաթիվ այլ քրեական գործեր, որոնց քննությունն անհասկանալի երկար է տեւում, ինչը, հավանաբար, ուղիղ կապ ունի Հրայր Հակոբյանի կողմից գործով ներգրավված փաստաբան, իսկ նախկինում ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանի հետ։ Արմեն Հակոբյանը հայտնեց, որ իր համար անձնական մեծ ցավ է այն փաստը, որ իր հարազատ հորեղբայրը նման կերպով միանձնյա որոշում է կայացրել եւ իրեն իրավունք է վերապահել չվերադարձնելու մահացած եղբոր որդիներին հասանելիք գումարները: Նա հավելեց, որ այսօր իրականության մեջ հաճախ հանդիպող երեւույթ է դարձել, երբ մարդկանց շահամոլությունը վեր է դասվում մարդկային արժեքներից:


«Փաստ» օրաթերթը գրում է. Վանաձորի ավագանին երկու տարի է՝ չի կարողանում համայնքի ղեկավար ընտրել։ Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած անհասկանալի դատական պրոցեսների շնորհիվ ավագանու նիստերի վրա արգելանք է դրվել, և իշխանության կողմից նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ ահա, վերջերս դատարանը վերջնական մերժել է ԼՀԿ-ի հայցը, բայց արգելանքը դեռ չի հանել։ Իշխանությունն իր հերթին չի շտապում համայնքի ղեկավար ընտրել, քանի որ չունի բավարար ձայներ։ Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսվում է այլ պատճառաբանություններով շարունակել քաղաքի կառավարումն առանց ընտրության։ Այս համատեքստում հետաքրքիր է լինելու ավագանու անդամ ունեցող այլ ուժերի դիրքորոշումը։ Օրինակ՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ավագանու նոր ընտրություններ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս կուսակցությունը պատրաստվում է վայր դնել մանդատները՝ կոչ անելով նույնը անել մնացած խմբակցություններին, հասկանալի է՝ բացի ՔՊ-ից ու ՀԱՍԿ-ից, որի ներկայացուցիչն, ի դեպ, հիմա համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արդյունքում, եթե 50 տոկոսից ավելի մանդատները վայր դրվեն, օրենքի ուժով ավագանին կլուծարվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս պատերազմի շրջանում օնլայն խանութների շարքում հայտնվեց «Վայլդբերրիզ» հարթակը, որը ավելի ուշ հասավ Հայաստան եւ գրավեց մի շարք տնտեսվարողների եւ գնորդների սրտերը: Մի կողմից՝ տնտեսվարողներն էին կարողանում իրենց ապրանքը դուրս բերել միջազգային շուկա՝ ընդլայնելով տարածվածությունը, մյուս կողմից՝ գնորդները կարողանում էին ձեռք բերել ապրանքներ ավելի մատչելի տարբերակով: Հայաստանյան մի շարք ընկերություններ եւս մուտք գործեցին օնլայն այս հարթակ՝ ներկայացնելով իրենց ապրանքները: Մուտք գործողներից մեկը հայկական արտադրության Sali բրենդն էր: Բրենդի՝ «Վայլբերրիզ» մուտք գործելուց հետո բավականին տհաճ բան ստացվեց: Մի շարք ապրանքներ (կից՝ նկարները), փաստորեն, Հայաստանի Sali խանութի մասնաճյուղերում անասելի թանկ են, իսկ «Վայլբերրիզ» հարթակում գրեթե կես գին կամ, լավագույն դեպքում, մոտ տասը հազար դրամի տարբերությամբ: Ստացվում է՝ հայաստանյան գնորդի համար ճոխություն համարվող կոշիկները օտարերկրացի գնորդների համար էժան են: Այսինքն՝ հայաստանցի գնորդը «Վայլբերրիզ»-ից ավելի մատչելի տարբերակով կարող է ձեռք բերել, քան հենց Sali խանութների ցանցից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այսպես վարվում հայկական այս ընկերությունն իր սպառողի հետ: Գուցե, ինչպես հայկական ասացվածքն է ասում, հեռու տեղի ձայնը քաղցր է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Sali ընկերության հետ, սակայն նրանց կայքում եղած որեւէ հեռախոսահամարից արձագանք չեղավ, բնականաբար, հարցերն էլ մնացին առանց մեկնաբանության: