27.11.2024
Ստեփանակերտում կորել է 5-ամյա աղջիկ և տարեց տղամարդ. ԼՂ ԱԻՊԾ
prev Նախորդ նորություն

Դատախազը Արմեն Աշոտյանի և այլոց վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Ա.Ա.-ն (Արմեն Աշոտյան - խմբ.), 2014-2016 թվականներին հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարար, միաժամանակ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, դրդել է Հիմնադրամի ռեկտոր Մ.Ն.-ին, առանց գնումների գործընթացի կազմակերպման և հոգաբարձուների խորհրդի հաստատման, իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Ի. Ս.-ի ընտանիքին պատկանող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրից ձեռք բերել Հիմնադրամի կարիքներից չբխող երկու բնակարանի կառուցապատման իրավունք: Այս մասին «Լուրեր»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:


Արդյունքում Մ.Ն.-ն, իր կողմից լիազորված անձի միջոցով, «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ. Ս.-ի հետ կնքել է «Նավասար» ՍՊԸ-ից 19 մլն 796 հազար դրամ և 17 մլն 198 հազար դրամ արժողության բնակարանների կառուցապատման իրավունք ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր: Պայմանագրերի հիման վրա 2015 թվականին Հիմնադրամից «Նավասար» ՍՊԸ-ին է փոխանցվել 36 մլն 994 հազար դրամ: Հետագայում Հիմնադրամն այդ բնակարանների սպասարկման համար հատկացրել է 1 մլն 664 հազար 200 դրամ, ինչի հետևանքով Հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38 մլն 658 հազար 200 դրամի գույքային վնաս:


Ի պատասխան «Լուրեր»-ի հարցման՝ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն-ն, Ա.Ա.-ի կազմակերպմամբ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է համագործակցության հուշագիր: Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պ.-ին հանձնարարվել է Հիմնադրամի սոցիալական աջակցության ֆոնդում անհիմն պահվող առանձնապես խոշոր չափերով՝ 185 մլն 606 հազար դրամը փոխանցել «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը՝ Վ.Ս.-ից ևս չորս բնակարանների և մեկ սպորտդահլիճի կառուցապատման իրավունք ձեռք բերելու նպատակով:


Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն, 2015 թ. դեկտեմբերի 21-ին «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ. Ս.-ի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հինգ ձևական պայմանագրեր, որոնցով կազմակերպությունն ընդհանուր՝ 185 մլն 606 հազար դրամով ձեռք է բերել բնակարանների և սպորտդահլիճի կառուցապատման իրավունքներ:


ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ի կազմակերպմամբ, հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017 թվականի մայիսի 19-ին, Ա.Ա.-ի և Վ.Ս.-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ա.-ի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով՝ որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել Ա.Ա.-ի վարորդ, նրա մտերիմ Ա.Բ.-ն, ով «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240 մլն դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել:


Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Մ.Ն.-ն Հիմնադրամի հաշվապահ Լ.Պ.-ի օժանդակությամբ, Հիմնադրամի 20 աշխատակիցներին 2015-2016 թվականների ընթացքում անհիմն վճարել է 7 մլն 224 հազար 330 դրամ հավելավճար, 526 մլն 973 հազար 524 դրամ լրավճար և 254 հազար 327 հազար 341 դրամ պարգևավճար: Արդյունքում՝ Հիմնադրամին պատճառվել է 788 մլն 525 հազար 195 դրամի գույքային վնաս: Բացի այդ, Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լ.Պ.-ի կողմից 2015-2016 թվականների ընթացքում Հիմնադրամից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանն անհիմն փոխանցվել և հափշտակվել է 78 մլն 11 հազար 311 դրամ գումար:


Այնուհետև, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն Հիմնադրամի ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ.Հ.-ի կազմակերպմամբ, վերոհիշյալ հափշտակված 78 մլն 11 հազար 311 դրամից 16 մլն 800 հազար դրամի ծագման աղբյուրը թաքցնելու և դրան օրինական տեսք տալու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 1-ին Կ.Հ.-ի մտերիմ Ռ.Դ.-ին պատկանող «Արև-շին» ՍՊԸ-ի հետ կնքել է վճարովի ծառայությունների մատուցման 10 կեղծ պայմանագրեր: Պայմանագրերի համաձայն՝ «Արև-շին» ՍՊԸ-ն 2016 թվականի հուլիսի 19-23-ին և հուլիսի 22-26-ին երկու փուլով պետք է կազմակերպեր Հիմնադրամի 224 աշխատակիցների հանգիստը: Այնուհետև, կեղծ փաստաթղթերի հիման վրա՝ Մ.Ս.-ն 2016 թվականի հուլիսի 20-ին և 25-ին վերոնշյալ գումարը փոխանցել է «Արև-շին» ՍՊԸ-ի բանկային հաշվին, որից 13 մլն 440 հազար դրամը Ռ.Դ.-ի կողմից առձեռն փոխանցվել է Կ.Հ.-ին:


Դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Ա.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կազմակերպելը), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը կազմակերպելը) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը կազմակերպելը), Մ.Ն.-ի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), Մ.Ս.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), Ռ.Դ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացումը), Լ.Պ.-ի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) (2 դրվագ) և Կ.Հ.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:


2023 թվականի սեպտեմբերի 26-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: