Լևոն Քոչարյանը ձերբակալվել է. փաստաբան
Երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են: Սա իհարկե իրավական բեսպրիդել է», - ասված է փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նրա խոսքով, Քոչարյանը ծիծաղով մոտեցավ այս հարցին և կոչ արեց չհանձնվել ու շարունակել պայքարը:
Նա նաև հրապարակել է, ինչպես ինքն է նշում, Քոչարյանի կողմից բերետներին ծեծելու տեսանյութը: «Քննչական կոմիտեին կոչ եմ անում դիտել այն և դիմել ակնաբույժի», - ասված է նրա գրառման մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում և վիճակը գնահատվել է «միջին ծանրության»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացրել, որի ընթացքում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։