Ադրբեջանը ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, համայնքներ է վերահսկողության տակ վերցրել
Ադրբեջանն Արցախում բացի ռազմավարական բարձունքներից և ճանապարհներից, վերահսկողության տակ է վերցրել նաև որոշ համայնքներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Նրանք նաև կտրել են ճանապարհային կապը Արցախի որոշ հատվածների միջև՝ ստեղծելով լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում։ Ժողովուրդը կանգնած է կոտորածի աճող վտանգի առաջ»,- գրել է Բեգլարյանը։
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր կեսօրին Արցախի իշխանություններն ընդունել են կրակի դադարեցման նախապայմանը:
Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի Հանրապետությունը հռթիրահրետանային և ավիացիոն զանգվածային հարվածներ հասցնելուն զուգընթաց անցել է լայնածավալ հարձակման Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով։
Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ:
Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների:
Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
Հաշվի առնելով այս ամենը Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: