Բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունն Լեռնային Ղարաբաղում. Մենդես
2023 թվականի օգոստոսի 23-ին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական (2004-2007թթ․), մարդու իրավունքների պրոֆեսոր, իրավաբանների միջազգային հանձնաժողովի հանձնակատար, ՄԱԿ-ի խոշտանգումների գծով նախկին հատուկ զեկուցող (2010-2016թթ․) Խուան Մենդեսը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի խնդրանքով ներկայացրել է նախնական եզրակացություն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և միջազգային հանրության կողմից ծանրագույն ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:
Եզրակացությունում Մենդեսը ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այժմ Արցախում։ «Այս հանգամանքներում, կարծում եմ, որ վերը շարադրված փաստերը բավարար հիմք են միջազգային հանրությանը վաղաժամ նախազգուշացում անելու համար, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպառնում է «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս հասցնել խմբի անդամներին»: (Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի բ պարբերություն):
Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվել են կանխել հանցագործությունը, և միջազգային հանրությունը պետք է իրականացնի իր պարտականությունները՝ պաշտպանելու այդ բնակչությանը։
Այս եզրակացության մեջ ես առաջնորդվում եմ 1948թ. կոնվենցիայով ցեղասպանությունը կանխելու պարտավորության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Բոսնիան ընդդեմ Սերբիայի գործով ընդունված իրավաբանական նախադեպով:
Այս դեպքում ՄՔԴ-ն հաստատել է, որ բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։ Այդ պարտականությունները կատարելն առավել պարտավոր են այն պետությունները, որոնք կարող են վճռականորեն ազդել իրավիճակի վրա՝ աշխարհագրական մոտ լինելու, տեղում գործող դերակատարների հետ մշակութային կամ քաղաքական կապերի, տարածաշրջանի և կապի ու տրանսպորտային միջոցների վերահսկողության և այլնի պատճառով:
Սրեբրենիցայի գործով ՄՔԴ-ն պարզել է, որ Սերբիան, ի թիվս այլ գործոնների, խախտել է ցեղասպանությունը կանխելու իր պարտավորությունը, քանի որ հրաժարվել է համագործակցել դատական հետաքննությունների հետ: Համեմատության կարգով՝ ՄՔԴ-ի կողմից տրված պարտադիր միջանկյալ միջոցի բացակայությունը, որն արձակվել է հենց ռիսկի տակ գտնվող բնակչությանը պաշտպանելու համար, առնվազն նույնքան խիստ նախազգուշացում է, որքան դատական հետաքննության հետ համագործակցելուց հրաժարվելը»: