Արարատ Միրզոյանը Սլովենիայում է, այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն
Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն:
Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը:
Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության, Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության և ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կենտրոնն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը ընդունում է 17 երեխա Հայաստանի, սահմանամերձ բնակավայրերից:
Ծրագիրն իրականացվում է ի շարունակություն 2022թ. աշնանը կենտրոնի կողմից իրականացված՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի, որի արդյունքում 11 երեխա կենտրոնում անցել են բժշկական վերականգնողական ծրագիր: