28.11.2024
Իրանը Հայաստանի հետ ազատ տնտեսական գոտով ձգտում է մտնել ԵԱՏՄ շուկա
prev Նախորդ նորություն

Նահապետյանի եւ Չավուշօղլուի բանավեճը. ո՞վ է «խաղաղության հրեշտակ»՝ Հայաստա՞նը, թե՞ Թուրքիան

Թուրքիայի եւ Հայաստանի պետական էլեկտրոնային լրատվամիջոցները՝ «Անադոլու» եւ «Արմենպրես» գործակալությունները, Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Նահապետյանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հարցուպատասխանի վերաբերյալ տարբերվող շեշտադրումներով տեղեկություններ են հայտնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Կորյուն Նահապետյանը, նիստի ժամանակ հարց ուղղելով Չավուշօղլուին, հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Կորյուն Նահապետյանն իր հարցով, փոխանցում է գործակալությունը, մերկացրել է Թուրքիային` ներկայացնելով այն որպես ահաբեկչություն հովանավորող պետություն:

Կորյուն Նահապետյանը Չավուշօղլուին ուղղած իր հարցում մասնավորապես ասել է. «Թուրքիան, ձևացնելով, թե կռվում է ահաբեկիչների դեմ, իրականում սպանում է քրդերին` աջակցելով «Իսլամական պետություն» խմբավորմանը: Թուրքիան միակողմանիորեն փակել է սահմանները Հայաստանի հետ և անտեսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում պաշտոնական Անկարայի ցանկացած միջամտություն միայն կվնասի դրան` Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ցանկացած գնով Ադրբեջանին աջակցելու միտման պատճառով: Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում ապրիլի 2-5-ը սադրած իրադարձությունները և Թուրքիայի կողմից արված սադրիչ հայտարարությունը դրա վառ ապացույցն են: Այս պահին Թուրքիան իր զորքերն է տեղակայել երեք հարևան երկրում` դրանցից յուրաքանչյուրի դեպքում առանց տվյալ երկրի կառավարության համաձայնության: Իմ հարցն է` ինչպես է Թուրքիան տեսնում իր հարևանների հետ հարաբերությունների հետագա զարգացումը»:

Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե իրենք կողմ են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Նա մեղադրել է հայկական կողմին` իբր անարդար լինելու մեջ` ասելով. «Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ` Դուք Հայաստանից եք, ես թուրք եմ: Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է արդար լինել: Մանավանդ, եթե քաղաքական գործիչներ ենք: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկար տարիներ տեսել եմ, որ դժբախտաբար մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում: Ինչպե՞ս եք ասում, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին»:

Չավուշօղլուն արդարացել է` նշելով, որ Թուրքիան ձերբակալել և սպանել է մեծ թվով ԻՊ զինյալների` այդ հարցում օգնելով նաև եվրոպական երկրներին:

Հայկական պետական լրատվական գործակալության հայտնած տեղեկատվության մեջ բացակայում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ Հայաստանին ուղղված խոսքը՝ կապված ԼՂ հակամարտության հետ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Չավուշօղլուն դիմել է Կորյուն Նահապետյանին հարցական հայտարարությամբ. «Ինչո՞ւ Հայաստանը չի լքում Ադրեբջանի «օկուպացված տարածքները»»: Նրա խոսքով, Հայաստանի ներկայացուցիչներն այնպիսի ելույթներ են ունենում, կարծես իրնեց երկիրը «խաղաղության հրեշտակ է»: Այս համատեքստում նա հիշեցրել է ԼՂ հակամարտության մասով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, որոնցում ըստ նրա նշվում է, որ «Ադրբեջանի տարածնքերի 20%-ն օկուպավցած է»: Իրականում, սակայն այդ բանաձեւերում, որոնք ընդունվել են ղարաբաղյան պատերազմի տարիներին, կոչ է արվում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հայկական (ոչ Հայաստանի, այլ հայկական) ուժերին՝ դուրս գալ այդ տարածքներից: Սակայն բանաձեւերից ընդունումից հետո ամեն անգամ Ադրբեջանն է խախտել զինադադարը եւ նորանոր պարտություններ կրել:

Այս փաստարկը լռության մատնելով՝ Չավուշօղլուն Նահապետյանին հարց է ուղղել. «Այդ Հայաստանը չէ՞, որ օկուպացրել է Ադրեբջանի տարածքները: Ինչո՞ւ Հայաստանը չի լքում այդ տարածքները»: Նա նաեւ հայտարարել է, որ ժամանակին Թուրքիան կողմ է արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացմանն Ադրբեջանի տարածքների դեօկուպացիայի դիմաց: «Մենք համապատասխան առաջարկություն են ուղարկել Երեւանին: Ի պատասխան Հայաստանը հրաժարվեց այս երկու հարցերն իրար կապել: Եւ մենք տվեցինք հստակ պատասխան, որ Ադրբեջանը եղբայրական պետություն է: Մենք մեկ ազգ եւ երկու պետություն են: Ադրբեջանի խնդիրը, մեր խնդիրն է»:

Չավուշօղլուն նաեւ հիշեցրել է Թուրքիայի՝ 1915 թ.-ի իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով գիտական հանձանաժողովի ստեղծման մասին առաջարկությունը: «Մենք առաջարկել ենք, որ այդ հանձնաժողովի մեջ մտնեն նաեւ երրորդ երկրներից գիտնականներ՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա: Թող այդ երկրները բացեն իրենց արխիվները, որոնք կուսումնասիրեն գիտնականները: Հայաստանը մերժեց այդ առաջարկը, քանի որ գերադասում է սուտը եւ հավատում միայն իր պնդումներին», - ասել է Չավուշօղլուն: