VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումներին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար
Սեյրան Օհանյանի խորհրդական
Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից: Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասել է, որ դա իր անձնական որոշումն է եղել եւ չի ցանկանում մեկնաբանել: Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որոշման համաձայն: Ի դեպ, սոցցանցերում բավական աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Օհանյանը խորհրդականի պաշտոնում նշանակել է ԶՈւ-ում ծառայություն չանցած անձի: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում դեռ շարունակվելու են կադրային փոփոխությունները: Մեր հարցին՝
Վիգեն Սարգսյանը կադրային ջա՞րդ է իրականացնում, աղբյուրը դրական պատասխան է տվել՝ ասելով, պետք է սպասել փոփոխությունների: Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՊՆ լրատվական վարչության պետ է նշանակվել
Գեւորգ Ալթունյանը, իսկ վարչության նախկին ղեկավար
Վարդան Ավետիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նոյեմբերի 26-ին սպասվող համագումարի ժամանակ կազմավորվելիք 19 հոգանոց ՀՀԿ գործադիր մարմնում չեն լինի առողջապահության նախկին նախարար
Դերենիկ Դումանյանը և սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյանը։ Հանրապետական վերնախավը ցանկանում է ազատվել առողջապահական վերջին աղմկոտ կոռուպցիոն գործին առնչվող Դ. Դումանյանից։ Հիշեցնենք, որ հենց նրա նախարար եղած ժամանակ էին տեղի ունեցել առողջապահական կադրերի լայնածավալ չարաշահումները, որ բացահայտվեցին ամիսներ առաջ։ Այդ գործով անցնող Առողջապահական գործակալության պետ
Սարո Ծատուրյանն ազատվեց պաշտոնից։ Ինչ վերաբերում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա արդեն ընկալվում է որպես իր դարն ապրած պաշտոնյա, որը որևէ բարեփոխում իրականացնելու ընդունակ չէ։ Վերջինս հրաժեշտ կտա նաև իր պաշտոնին, և եթե դա տեղի չունենա համագումարից հետո նախատեսվող փոփոխությունների ժամանակ, ապա կլինի մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններից հետո»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ 12 կուսակցությունների եւ 140 հասարակական կազմակերպությունների հենքի վրա ձեւավորված «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ
Արթուր Բաղդասարյանի գործունեությունից նոր կուսակիցները դժգոհ են: «Հայկական վերածնունդ»-ին միացած կուսակցությունները պատրաստվում են նրան «գահընկեց» անել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր բողոքի ձայնը բարձրացրեց ՀՎԿ-ին անդամակցած «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ
Արմենուհի Ղազարյանը. «ՀՎԿ-ն մենք ենք՝ առանց ՕԵԿ-ի նախագահի եւ թիմի. նրանք ոչ մի աղերս չունեն ՀՎԿ-ի հետ: Ես շուտով ասուլիսով հանդես կգամ եւ շատ բացահայտումներ կանեմ: ՀՎԿ-ի անդամ չեն ՕԵԿ-ը եւ իր վարկաբեկված թիմը»,- ահա այսպիսի կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ Ա. Ղազարյանը: «Հայկանդուխտ»-ի նախագահը չմանրամասնեց՝ ինչ բացահայտումներ է պատրաստվում անել, սակայն նրա վրդովմունքն ու զայրույթն ակնհայտ էր»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար
Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ում շարքային կուսակցական չի լինելու: Ինչպես հայտնի է՝ նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար, ողջ կյանքում պետական պաշտոններ զբաղեցրած, անկուսակցական Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկայում պատրաստվում է դիմում գրել իշխող Հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով իրեն անդամագրել կուսակցության շարքերը: ՀՀԿ-ին մոտ կանգած «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Վիգեն Սարգսյանը համագումարին ընդառաջ կդառնա Հանրապետական կուսակցության անդամ, ապա համագումարով կընտրվի կուսակցության գործադիր մարմնի անդամ: Սա կուսակցության բարձրագույն մարմինն է, որտեղ պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում եւ կայացվում են կարեւորագույն որոշումներ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «2014 թվականի դեկտեմբերին, հույժ գաղտնի պայմաններում, հանկարծ աշխատանքից ազատեցին հայկական ատոմակայանի տնօրեն
Գագիկ Մարկոսյանին։ Ապա լուր ստացանք, որ սա սովորական պաշտոնանկություն չէ, եւ որ ատոմակայանի տնօրենը ձերբակալված է չարաշահումների համար։ Ձերբակալված էր նաեւ կոմերցիոն գծով տնօրեն
Ռուբիկ Մովսեսյանը՝ Բռլյանտ Ռուբոն, որն այս մականունը վաստակել է երկար ժամանակ ադամանդի բիզնեսով զբաղվելու։ Քրեական հետապնդման է ենթարկվել նաեւ Մեծամորի ատոմակայանի վերանորոգման, նախապատրաստման եւ կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Էդիկ Ղազարյանը։
Դատաքննության նյութերից երեւում է, որ ամբաստանյալները, մշտապես լինելով մրցութային հանձնաժողովի կազմում, շուկայականից էականորեն բարձր գներով մրցույթներ են կազմակերպել ու անցկացրել եւ դրանց շրջանակներում նախընտրելի իրավաբանական անձանց հետ գործարքներ են կնքել։ Նրանք անընդհատ եղել են գնումների մրցութային հանձնաժողովի կազմում։ Ատոմակայանի տնօրենն ու խմբի մյուս անդամներն այլ մախինացիաներ են կատարել։ Օրինակ, միջուկային վառելիքի վերբեռնման մեքենայի հատուկ ստորջրյա տեսախցիկների ձեռքբերման պատրվակով 2012 թ. օգոստոսին 222. 122.400 ՀՀ դրամ գումար են դուրս գրել, որի փոխարեն ձեռք են բերել 5 սկավառակից բաղկացած համակարգչային ծրագիր, բանակցային ընթացակարգով կեղծ գնումներ են իրականացրել, շուկայականից ակնհայտ բարձր գներով հատուկ հանդերձանք են ձեռք բերել՝ հափշտակելով միլիոնավոր դրամներ։
Բազմաթիվ կազմակերպություններ են ներգրավված եղել մեքենայությունների ցանկում, հանցավոր արարքների նկարագրությունն ահռելի ծավալ է զբաղեցնում դատական գործում։ ԱԱԾ քննիչները լուրջ աշխատանք են կատարել, ծանր մեղադրանքներ են առաջադրել, բայց դատարանը մեր կարեւորագույն ռազմավարական օբյեկտից յուրացումներ եւ հափշտակություններ կատարողների նկատմամբ մեղմ է վարվել՝ ի դեմս դատավոր Հրաչիկ Սարգսյանի, եւ անգամ գույքի բռնագանձում չի կիրառել, իսկ նախնական հոդվածներն էապես մեղմացվել են»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ: Այսպես՝ երեկ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով կալանավորված 12 անդամի մեղադրանքներն ավելացել են: Խոսքը նրանց մասին է, ովքեր ունակ են հանուն իրենց ծրագրերի զենք վերցնել եւ ըմբոստանալ: Իսկ բոլոր նրանք, ովքեր միայն քաղաքական ելույթներ են ունենում, այլ կարգավիճակում կհայտնվեն: Ասել է, թե իշխանությունների համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում՝ հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ` ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման: Ոստիկանների վրա հարձակումը չի ներվելու»: