VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումներին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժամանակին
Սերժ Սարգսյանը, խոսելով Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի մասին, ասել էր. «Էնպիսի հայտնի մարդկանց անուններ են տալիս, որ ուղղակի չգիտես ինչ անես»: Հնարավո՞ր է՝ նկատի ուներ նաեւ
Սեյրան Օհանյանին, հարցրինք մեր աղբյուրին` հիշեցնելով լրատվամիջոցներում օրերս տեղ գտած արտահոսքը, թե կաթոլիկ եկեղեցու հոգեւորական հայր Անտոնը տվել է նրա անունը։ «Չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն այդ ամենի հետ որեւէ կապ ունի, եւ հետո`
Սերժ Սարգսյանն անուններ չհնչեցրեց, չէր էլ հնչեցնի, չնայած` կարծես հրաժարականից առաջ Սեյրան Օհանյանի հետ որոշ խոսակցություններ եղել են` հիմնականում կապված բանակում տեղ գտած խնդիրների, Հովնանյանի թաղամասում կառուցվող իր տան շինարարության հետ»: Ի դեպ, ըստ լուրերի, Օհանյանը փոխել է մտադրությունը քաղաքականություն մտնելու մասով, ավելին` խոսակցություններ են գնում օրերս ստեղծված հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարությունում նրա ներգրավման մասին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ և բանանի ներկրման մոնոպոլիստ
Միհրան Պողոսյանն իր ապագայի վերաբերյալ իշխանությունների հետ փոխհամաձայնության է եկել։ Օֆշորային հայտնի սկանդալից ու ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա ակտիվորեն բանակցել է իշխանությունների հետ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա դա հաջողել է, պայմանով, որ հանձնել է արագաչափերի և կարմիր գծերի բիզնեսում ունեցած իր բաժնեմասը։ Այնպես որ, Միհրան Պողոսյանը կարող է հայտնվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջադրվելու նպատակով և պայմանով, որ իր միջոցներով հնարավորինս շատ ձայներ ապահովի ՀՀԿ-ի համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «
Սերժ Սարգսյանի տված տասնօրյա ժամկետը ՀՀ ոստիկանապետ
Վլադիմիր Գասպարյանին եւ Երեւանի քաղաքապետ
Տարոն Մարգարյանին երեկ ավարտվեց: Հիշեցնենք` նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ժամանակ Սարգսյանը հանձնարարել էր դիտարկել` հնարավո՞ր է, որ արագաչափ սարքերից եւ կարմիր գծերից գանձվող գումարները կառավարեն պետական եւ համայնքային կառույցները: ՀՀ ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ մասնավոր ընկերությունների հետ բանակցություններն ավարտվել են: Մինչդեռ «Սեքյուրիթի Դրիմի» եւ «Փարքինգ սիթի Սերվիսի» ղեկավարները «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ոչինչ որոշված չէ, ոչինչ ավարտված չէ: Ստացվում է, որ էլի գործ ունենք կամավոր-պարտադիր սկզբունքի հետ. արագաչափերի եւ կարմիր գծերի «տերերին» կստիպեն հանձնել իրենց բիզնեսը պետությանը եւ հեռանալ: Բա ասում էին՝ բիզնես չի՞ խլվելու: Չէ՞ որ այս ընկերությունները օրենքով նախատեսված ձեւով մրցույթի են մասնակցել, հաղթել ու աշխատում էին պետության սահմանած խաղի կանոններով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին: Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ եւ համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք ներկայացնում են արեւմտյան ուղղությունը եւ ԱՄՆ, տեղի իշխանություններից խնդրել են պարզաբանել համաձայնագրի էությունը: Մեր տեղեկություններով` առաջիկայում տարբեր ֆորմատների հանդիպումներ կլինեն, որպեսզի հնչեցվեն բոլոր հարցերի պատասխանները: Այդուհանդերձ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ՊՆ-ից պարզել` ինչ է ենթադրում հրամանագիրը: «Խոսքը վաղուց գոյություն ունեցող հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին է: Դրա մեջ մտնում են ինչպես Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը, այնպես էլ հայկական բանակի որոշակի ստորաբաժանումներ: Մնացած գործառույթները, կազմ-կառուցվածքային այլ հարցերը մեկնաբանման ենթակա չեն»,- հայտնեցին ՊՆ-ից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած
Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են եւ միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե
Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, եւ առավել հավանական են համարում
Էդմոն Մարուքյանի եւ համանման ուժերի հետ ալյանսը: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որն այս օրերին գտնվում է Քաթարում եւ հանդիպումներ է ունենում արաբական աշխարհի շեյխերի հետ, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների,
Սերժ Սարգսյանը նրան ասել է. «Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է»: Բայց նրան ավելի մերձ կանգնած մարդիկ պնդում են, որ վերադառնալու է»:
«168 Ժամ» թերթը գրում է. «Այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպում-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար
Վիգեն Սարգսյանը ասաց, որ չնայած 8 տարի եղել է անկուսակցական, սակայն մոտ օրերս նա պատրաստվում է դիմել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ անդամակցելու հայտով: Նա, սակայն, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցմանը՝ արդյոք տեղյակ է նա, թե երբ ՀՀ վարչապետ
Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին, պատասխանեց, որ տեղյակ չէ: Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ճիշտ են արդյոք այն լուրերը, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից բացված կրակահերթի արդյունքում հայկական կողմը 6 վիրավոր է ունեցել, պատասխանեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթերից տեղեկանում է, որ վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 10 մլն 400 հազար դոլարով, եւ հոկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել 5 մլրդ 606 մլն 800 հազար դոլար: Փաստորեն Հայաստանի պետական պարտքն աճում է ամեն ամիս: Ի դեպ, Հայաստանի պետական պարտքի 4 մլրդ 44 մլն 600 հազար դոլարը միայն արտաքին պետական պարտքն է: Այսինքն` այս գումարները վերցվել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա բանկերից եւ կառավարություններից: Իսկ Հայաստանի արտաքին պարտքը մեկ ամսվա ընթացքում 41 մլն դոլարով նվազել է, ներքին պարտքը կազմում է 1 մլրդ 63 մլն 300 հազար դոլար, որը գոյացել է պետական պարտատոմսերի թողարկումից»: