27.11.2024
Այսօր ՀՀ երրորդ նախագահի ծննդյան օրն է
prev Նախորդ նորություն

«Խաղաղության պայմանագրի» ստորագրման համար դեռ չեն հասցեագրվել բոլոր հարցերը․ Կոստանյան

Վաշինգտոնում երեք օր տեւած բանակցություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները հայտարարեցին՝ Երեւանն ու Բաքուն համաձայնության են հասել «Խաղաղության համաձայնագրի» նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ եւ գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք, գրում է MediaHub-ը։


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ԱՄՆ մեկնած փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ասաց, թե որոնք են այն հիմնական հարցերը, որոնց շուրջ պաշտոնական Երեւանն ու Բաքուն պետք է շարունակեն քննարկումները։


«ԱՄՆ-ում տեղի ունեցած եռօրյա հանդիպման ժամանակ կողմերը չեն եկել համաձայնության այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական սահմանագծի հստակեցման, զորքերի հետքաշման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխիքների համար երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։ Այս պահին նշված հարցերի շուրջ դիրքորոշումները տարբեր են»,-ասաց Կոստանյանը։


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ամփոփելով արտգործնախարարների հանդիպումը, երեկ հայտարարել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթաց գրանցելու մասին, զուգահեռ նշելով, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու։


«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարեւոր եւ բարդ աշխատանքի համար, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը», - ասել էր Էնթոնի Բլինքենը։


Վահան Կոստանյանը հստակցենում է՝ «Խաղաղության պայմանագիրը» կստորագրվի այն ժամանակ, երբ բոլոր կետերի շուրջ պաշտոնական Երեւանն ու Բաքուն կգան համաձայնության։