23.11.2024
ՌԴ–ն ուժեղացնում է իր ազդեցությունն Արևելյան Եվրոպայում
prev Նախորդ նորություն

Օլանդ․ Թրամփը «իրավացի է, որ ուզում է խոսել Պուտինի հետ»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո բազմաթիվ հարցեր են ծագում Վաշինգթոնի ու Մոսկվայի հարաբերությունների ապագայի վերաբերյալ, հայտնում է RFI–ն։

Օլանդի խոսքով Թրամփը իրավացի է, որ ուզում է խոսել Պուտինի հետ, սակայն սխալ կլիներ «թե Պուտինին զիջելը, թե նրան գործընկեր չհամարելը»։ «Թրամփը ուզում է խոսել Պուտինի հետ։ Անկեղծ ասած՝ նա իրավացի է։ Այս առումով որեւէ նորություն չկա։ Բարաք Օբաման էլ էր խոսում Պուտինի հետ։ Ես ինքս խոսում եմ Վլադիմիր Պուտինի հետ, տիկին Մերկելն էլ»,- ասել է Օլանդը Մարոկոյում, ուր ժամանել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ 22-րդ Համաշխարհային համաժողովին մասնակցելու։

Օլանդը նշել է, որ Արեւմուտքն ու Մոսկվան ընդհանուր շահեր ունեն, ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական կարգավորման ու Ուկրաինայում ՄԻնսկյան համաձայնագրերի իրականացման հարցերում։ «Սխալ է, թե Պուտինին զիջելը, թե կարծելը, որ նա մեր գործընկերը չէ։ Նա պե՛տք է լինի մեր գործընկերը, երբ խոսքն այն խնդիրների մասին է, որոնք մենք կարող ենք միասին լուծել»,- ասել է նա։

Օլանդի խոսքով ինքը Թրամփի հետ զրույցի ժամանակ նրան հարցրել է Ռուսաստանի նկատմամբ նրա քաղաքականության մասին, սակայն Թրամփը «առայժմ ոչինչ չի պատասխանել, քանի որ դեռ այն վիճակում չէ, որ նման հարցերի պատասխանի՝ նա դեռ ԱՄՆ նախագահ չէ»։

Անդրադառնալով Թրամփի հետ իր հետագա համագործակցության մասին հարցին ՝ Օլանդը ասել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ Ֆրանսիայի դաշնակիցն ու ՆԱՏՕ-ի անդամը ու որ ինքը չի ընտրում, թե համաշխարհային առաջնորդներից ում հետ գործ ունենա, ում հետ՝ ոչ։ «Ես գործ ունեմ թե ժողովրդավարական ձեւով ընտրված առաջնորդների, թե նրանց հետ, ովքեր չեն ընտրվել ժողովրդավարական ճանապարհով։ Թրամփը հենց ժողովրդական ճանապարհով է ընտրվել»,- շեշտել է Ֆրանսուա Օլանդը։