26.11.2024
Ո՛չ գազելներին. հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի
prev Նախորդ նորություն

Արցախում նախագահի ընտրության մասին նախագիծը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Ս. Աղաջանյանը:


Օրակարգում «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանից բխող ևս 5 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկումն էր: Այն ներկայացրել է արդարադատության նախարար Ս. Արզումանյանը:


Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ հնարավորություն կընձեռվի կուսակցությունների, հիմնադրամների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների կամ արհեստակցական միությունների լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող այլ գույքը Արցախի Հանրապետության կառավարությանը սեփականության իրավունքով փոխանցելու, հնարավոր կլինի լուծել օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած պրակտիկ խնդիրներ, կհստակեցվի լիազոր մարմինը, կմշակվեն հաշվետվությունների ներկայացման գործուն մեխանիզմներ։


Հանձնաժողովը 4 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել փաթեթին:


«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ևս ներկայացրել է արդարադատության նախարարը:


Օրենքի նախագծով օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անձի կողմից չկատարելու դեպքում նրան պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ են նախատեսվում:


Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


Հաջորդիվ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժ. Միրզոյանը ներկայացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:


Արցախի Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի Հանրապետության Սահմանադրության 12-րդ գլխում փոփոխություն (լրացում) կատարելու վերաբերյալ նախագիծ, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ:


Օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել Ազգային ժողովի կողմից ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրության իրականացման ընթացակարգը:


Ազգային ժողովը նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել էր Գերագույն դատարան: Գերագույն դատարանը Սահմանադրության նախագիծը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:


Պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կներկայացվի խորհրդարանի նիստին:


Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2022 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդմամբ հանդես է եկել Գ.Ստեփանյանը:


Հաշվետու տարին բնորոշվել է Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների տևական ու հետևողական խախտումներով, որի վերաբերյալ Արցախի օմբուդսմենը զեկույցներ է ներկայացրել՝ խնդիրը հանրայնացնելով միջազգային ասպարեզում:


ՄԻՊ գրասենյակ է մուտք գործել 735 դիմում 820 անձի կողմից, 2200 հոգու ընդունելություն է կազմակերպվել: Դիմումների գերակշիռ մասը՝ 35 տոկոսը, սոցիալական ուղղվածության են:


ՄԻՊ տարեկան հաղորդումը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին: