VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը իսկական գլխացավանք է դարձել հայրենի իշխանությունների համար: ՔՊ-ականներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ վավերացնեն կոնվենցիան՝ կնեղացնեն Ռուսաստանի Դաշնությանը, չվավերացնեն այն, կհիասթափեցնեն Արեւմուտքին: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ Խնդիրը հետեւյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել: Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաեւ Հաագայի դատարանի այս որոշումը եւ Հայաստան մտնելուն պես ձերբակալել Պուտինին: ՍԴ-ում մարտի 24-ին վավերացվելուց հետո փաստաթուղթը հիմա կառավարությունում է. այն եռամսյա ժամկետում պետք է ուղարկվեր խորհրդարան՝ վերջնական հաստատման:
ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել։ Փաստաթուղթը պետք է ԱԺ գար եռամսյա ժամկետում. երեք ամիսն անցել է, ԱԺ նիստերը մեկնարկում են հաջորդ շաբաթ, այսինքն՝ հաջորդ շաբաթ վերջնաժամկետն է, եւ պարզ կլինի՝ ինչ որոշում է կառավարությունը կայացրել Հռոմի ստատուտի վերաբերյալ: Իրավաբան մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեցին, որ գործադիրը կարող է եւ չուղարկել այն ԱԺ, ինչը կնշանակի, որ այս պահին պատեհ չի համարում փաստաթուղթը վավերականացնելը: Ընդգծենք, որ կառավարությունից ԱԺ ուղարկելու ժամկետը հաջորդ շաբաթ արդեն լրանում է, իսկ ՔՊ-ականները չգիտեն՝ ինչպես վարվել դրա հետ. մի մասը կարծում է, որ պետք է սառեցնել գործընթացը, չուղարկել ԱԺ, քանի որ կարծում են՝ առանց այն էլ այս գերլարված իրավիճակում պետք չէ լարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը պաշտոնապես արդեն հայտարարել է, որ բացասական է գնահատում Հայաստանի՝ այդ փաստաթղթին միանալը: ՔՊ-ականների մյուս մասն էլ կարծում է, որ դա կարող է միջազգային հարթակում օգնել Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի, բայց՝ այն պարագայում, երբ անգամ ՄԻԵԴ-ի վճռին չենթարկվեց Ադրբեջանը, ու պարզ չէ, թե այս փաստաթուղթը ինչ կարող է տալ Հայաստանին եւ Արցախին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանն էլ իր թիմակիցների հետ զրույցում ակնարկել է, որ միառժամանակ սառեցնեն գործընթացը, որպեսզի անտեղի Ռուսաստանին չլարեն իրենց դեմ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ գործադիրում վերջնական որոշում չկա Հռոմի ստատուտի մասով. չեն բառացում նաեւ, որ ԱԺ չհասնի այն:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում Թագուհի Թովմասյանին մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շահագրգիռ պատգամավորներին փոխանցել է, որ սահմանադրագետների հետ քննարկել են` պետք է արտահերթով հարցը քննարկել։ Չնայած Նաիրա Զոհրաբյանին եւս արտահերթում զրկեցին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչն ուզում են կրկնել Թովմասյանի դեպքում, մենք ԱԺ կանոնակարգ օրենքում չգտանք նման դրույթ։ Հիշեցնենք․ պաշտոնազրկելու փաստարկն այն է, որ նա կարող էր նկատողություն հայտնել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական որակելու համար, բայց չի արել։ Նախագծում կարող է ընդգրկվել նաեւ Թովմասյանի՝ ամբիոնը գրավելու ակցիան, որով նա «խոչընդոտել է ԱԺ նիստը»։ Իրականում Թագուհի Թովմասյանը դուրս է եկել սրբության սրբոցի` իրենց առաջնորդի դեմ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հանձնաժողովում երեկ փակ քննարկում է տեղի ունեցել՝ ՔՊ-ականների եւ բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցչի մասնակցությամբ, որը շատ թեժ է անցել։ Թեման ՔՊ-ական Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախագիծն է, որն անցած քառօրյայում սուսուփուս, առաջին ընթերցումով ընդունվել է։ ՔՊ-ականն առաջարկում է, որ բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, վարկն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը` երբ բնակարանը կառուցվի եւ հանձնվի սեփականատիրոջը։ Բացատրենք, որ երբ քաղաքացին հիպոթեքով տուն է գնում, չկառուցված բնակարանի վերաբերյալ կնքված սեփականության պայմանագրերը գրավ է դնում բանկում, բանկն էլ վարկի գումարը փոխանցում է սեփականատիրոջը։ Թե որն է նման փոփոխության հիմնավորումը, նախագծում չի նշվում, իբրեւ թե քաղաքացու շահը, որ որեւէ կառուցապատող նրան «չքցի»։ Սակայն առաջին ընթերցումից հետո ոլորտում փոթորիկ է բարձրացել, մասնագետների կարծիքով՝ եթե այս առաջարկն օրենքի տեսք ստանա, ապա կարելի է շինարարական ոլորտի վրա տապանաքար դնել, քանի որ ոլորտում մենաշնորհ կձեւավորվի, եւ բազմաբնակարաններ կկառուցեն միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։ Իշխանության ներսում եւս այս օրենքը կռիվ է գցել, տնտեսագետները պնդել են, որ սա մեծ վնաս կհասցնի ոլորտին, եւ Պապոյանին առաջարկել են հրաժարվել դրանից, սակայն վերջինս, երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դրած, իրենն է պնդում, ուստի որոշել են շահագրգիռ կողմերի հետ փակ քննարկում անել։ Մեզ պատմեցին, որ ներկաներին զարմացրել է հատկապես ԿԲ ներկայացուցչի դիրքորոշումը, որը համընկել է Պապոյանի դիրքորոշման հետ, եւ մարդիկ հասկացել են, որ այս նախագծի ետեւում Նիկոլ Փաշինյանն է կանգնած․ առանց նրա «դաբրոյի» ԿԲ-ն սա չէր պաշտպանի»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Դուք իշխանության եք եկել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, 2 տարի անց Դուք բախվեցիք 90-ականների սկզբից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ մարտահրավերին։ Սպասո՞ւմ էիք, որ նման մարտահրավերի կհանդիպեք»,- CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցնում է լրագրողը Նիկոլ Փաշինյանին։ «Կարո՞ղ էի արդյոք ենթադրել, այո՛, կարող էի ենթադրել, բայց, մյուս կողմից, ըստ էության, չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլեւ, ըստ էության, այս դեպքում աշխարհաքաղաքական թակարդ եւ, ըստ էության, փակուղի»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՊՀ-ում եւ Հայաստանի մյուս բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում՝ կաշառքի գործով: Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ՝ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկան Հայկ Սարգսյանի ձերբակալությունից: ԵՊՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանին մեկ ամիս ժամանակ էր մնացել պաշտոնավարելու. առաջիկայում նոր դեկանի ընտրություններ պետք է լինեին: Վերջինս նախապես տեղյակ է եղել, որ իր վերաբերյալ համալսարանից տեղեկություններ են փոխանցում իրավապահ մարմիններին, ու շուտով գալու են իր «հետեւից», ուստի որոշել է նախապես իր անունը մաքրելու համար չառաջադրվել դեկանի նոր ընտրություններին եւ հնարավորինս շուտ հեռանալ ԵՊՀ-ից, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի: Ինչպես ասում են, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Հայկ Սարգսյանը չհասցրեց հեռանալ բուհից, այլ ձերբակալվեց։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համալսարանում ձերբակալություններն այսքանով չեն սահմանափակվում. առաջիկայում ԵՊՀ-ում եւ այլ համալսարաններում, հնարավոր է, կաշառքի գործով դեկաններ եւ դասախոսներ ձերբակալվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպե՞ս քաղաքական իշխանությունները դեռեւս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի օգնական, բոլորին հայտնի «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից։ Բանն այն է, որ 2020 թվականի հունիսի 21-ին Աշտարակ քաղաքի ճանապարհին Հայկ Ստեփանյանը մեքենայի ազդանշանով ճանապարհ էր ուզել Գոռ Բաղդասարյանից, սակայն ճանապարհին բեռնատար լինելու պատճառով վերջինս չի կարողացել ճանապարհ տալ, որից հետո Հայկ Ստեփանյանը երիտասարդներին մեքենայից դուրս է հրավիրել, հնչել էին հայհոյանքներ, եւ «հեղափոխության պահապանները» ծեծել էին երիտասարդին։ Այս դեպքը ունեցել էր շարունակություն. ծեծի ենթարկված Գոռ Բաղդասարյանը հանդիպման էր կանչել Հայկ Ստեփանյանին ու իրեն ծեծելու համար համարժեք պատասխան տվել։ Արդյունքում, միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրյալի աթոռին էին հայտնվել ԱԻՆ նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը եւ մյուս երիտասարդները։ Ի դեպ, նրանց սպառնում էր 2-5 տարվա ազատազրկում։ Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը, որպեսզի փրկի քաղաքական իշխանության «սրտի օգնական» Հայկ Ստեփանյանին, քննեց գործը ու որոշեց կարճել։
Ստեփանյանը առաջին անգամ չէ, որ «ռազբորկաների» կիզակետում է։ «Սուրմալու»-ի ողբերգական օրերին, տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց բացի, նա նախարար Արմեն Փամբուխչյանի, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանի հետ փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ էր մտել: Ավելին, 2021 թվականին իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում էին այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել: Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից, մտավ ԱԻՆ, իսկ հիմա էլ մաքրվեց քրեական գործից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած մարտի 12-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, թե Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, սակայն դեռ հաշվարկներ չկան՝ որքան աշխատատեղեր կկրճատվեն։ Մասնավորապես, մեր հարցմանը փոխնախարարից այսպիսի պատասխան ստացանք. «Ներկայիս դրությամբ կրճատումներ առկա չեն, հետեւաբար նախ եւ առաջ պարզ չէ, թե ինչ քանակությամբ եւ ինչ մասնագիտական որակավորում ունեցող աշխատողներ են կանգնելու նոր աշխատանք գտնելու հարցի առջեւ, ինչպես նաեւ պարզ չէ, թե կրճատումների արդյունքում աշխատանքը կորցրած աշխատողներից քանիսն է նոր աշխատանքի ապահովման իրական խնդիր ունենալու»: Ապա փոխնախարարից հետաքրքրվել էինք, թե ինչպես է ստացվել, որ մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ նշանակվել է ՏԿԵՆ եւ զբաղվում է հանքարդյունաբերության համակարգմամբ։ Ի պատասխան՝ նա նշել է. «Իմ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են իմ կենսագրության տվյալներում, որին մանրամասն կարող եք ծանոթանալ նաեւ ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքի, ինչպես նաեւ տարբեր ժամանակահատվածներում տրված հարցազրույցների տեսանյութերի միջոցով»: Տեսանյութերը նայեցինք, կենսագրությունը կարդացինք եւ տեսանք, որ փոխնախարարը մասնագիտությամբ վիրաբույժ է, եղել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենը, 2018 թվականին նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից: 2020 թվականի հունվարին նա նշանակվել էր Շիրակի մարզպետ՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում Շիրակում նշանակված 3-րդ, իսկ Շիրակի՝ 11-րդ մարզպետը։ Նկատեցինք, որ երբեք կյանքում հանքարդյունաբերության հետ առնչություն չի ունեցել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Սյունիքի ՏԻՄ ղեկավարների բարիդրացիական հարաբերությունները խանդի տեսարաններ են առաջացրել մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների մոտ, նրանցից ոմանք փորձում են դավեր նյութել մարզպետի դեմ եւ վերեւների ականջը գցել, թե Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված մարզպետն ավելի շատ շփվում է ընդդիմադիր համայնքապետերի` Գորիսի, Քաջարանի, Կապանի ղեկավարներ Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի, Գեւորգ Փարսյանի, քան ՔՊ-ական ղեկավարների հետ։ Նշենք, որ վերջին օրերին Առուշ Առուշանյանի հետ Ղուկասյանը Գորիս խոշորացված համայնքի մաս կազմող բնակավայրեր է այցելել, իսկ նախօրեին Գորիսում քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել։ Մեզ պատմեցին, որ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Առուշ Առուշանյանը գովել է մարզպետին՝ բնակիչներին ասելով, թե առաջին անգամ է, որ ինքը մարզային իշխանության հետ հանդիպումների է գնում։ Սյունիքի մարզպետի երթուղին դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ նա մարզով մեկ այցելություններ է իրականացնում, որը սկսել է անցյալ տարվա ապրիլից: Նախ՝ Գորայք, հետո՝ Սիսիան, Տաթեւ, Տեղ, վերջին օրերին՝ Գորիս։ 5 համայնքներից երկուսն են ընդդիմադիր՝ Առուշանյանն ու Տաթեւի ղեկավար՝ «Շանթ» դաշինքի անդամ Սամվել Լալայանը: Իսկ Տեղի ղեկավար Ղուլունցը, ով Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, մարզպետին շնորհակալագիր է տվել: Մեզ հայտնեցին, որ մարզպետի հաջորդ կանգառը Մեղրին է, որի ղեկավարն Արամ Սարգսյանի կուսակիցն է»: