Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։
«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։ Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից որպես այդպիսին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ցականյանը։
Նրա խոսքով՝ 3-րդ բանակային կորպուսը ենթակա զորամասերով զբաղված է առօրյա գործունեությամբ․ իրականացվում են ինչպես օրակարգով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ առօրյա մարտական հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր և միջոցներ։
«Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և անհատական պատրաստություն, և ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ մարտունակության պահպանման համար»,- նշեց Ցականյանը։
Անդրադառնալով զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրմանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտնեց, որ վերջին շրջանում զինծառայողների առօրյան մի փոքր ավելի հագեցած է դարձել, քանի որ, սկսած իրենից, բոլորը նախապատրաստվում են ատեստավորման։
«Ինչ վերաբերվում է ատեստավորմանը, կարող եմ ընդգծել, որ տրամադրությունը ենթակա զորքերում բարձր է և, որպեսզի այս համատեքստում չլինի յուրովի ընկալում ատեստավորման նկատմամբ, հրամանատարության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ, անցկացվում են համապատասխան ստուգումներ ստուգարքային պարապմունքների տեսքով՝ անձնակազմին պատշաճ կերպով ներկայացնելու առաջիկա ատեստավորմանը»,- ասաց Ցականյանը՝ ընդգծելով, որ պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարը այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն։
Ցականյանը նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ անձնակազմի, հրամանատարակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են իրականացնելու առկա միջոցներով իրենց առջև դրված մարտական և առօրյա բոլոր խնդիրները։
«Մեր բոլորի գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում մեր պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է»,- շեշտեց Ցականյանը։
Ստորաբաժանման հրամանատար Ռազմիկ Բաղդասարյանը ևս վերահաստատեց վերադաս հրամանատարի խոսքերը՝ նշելով, որ միշտ պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրներ։
«Իրականացնում ենք պետական սահմանի պահպանություն, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է։ Միշտ պատրաստ ենք իրականացնել մեր առջև դրված խնդիրը»,- ընդգծեց Բաղդասարյանը;
Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Նարեկ Ղևոնդյանը, ով երկու ամսից զորացրվելու է, նշեց, որ, թեև չի շարունակելու զինվորական ծառայությունը, սակայն միշտ պատրաստ է անհրաժեշտության պահին միանալ իր մարտական ընկերներին և հակահարված տալ հակառակորդին։
«Ջոկը կատարում է իր գործողություները՝ հաստատված գրաֆիկի համաձայն իրականացնելով մարտական հերթապահություն։ Խնդիրներ ընդհանարապես չկան։ Առաջնագծում առանձնապես լարվածություն չկա։ Կուզեմ, որ բոլորը հանգիստ լինեն, որովհետև զինվորները կատարում են իրենց պարտքը, ինչպես ամեն մեկը իր ծնողի համար կկատարեր»,- եզրափակեց Ղևոնդյանը։