VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով։ Նա հունիսի 20-ից հուլիսի 6-ը կլինի Մոսկվայում՝ մասնակցելու «Հիշողության գնացք» միջազգային մշակութային-կրթական նախագծին։ Նկատենք, որ ՔՊ-ական այս պատգամավորն ամենաակտիվ տուրիստներից է, որ գործուղումներից աչք չի բացում։ Խորհրդարանի կայքում միայն այս տարի Սանդիկովի գործուղումների մասին հավաստող 7 կարգադրություն կա։ Դիցուք, հունիսի 7-10-ն էլ Սանդիկովը Սոչիում է լինելու՝ Եվրասիական կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու համար։ Մայիսի 17-20-ը մի խումբ պատգամավորների հետ նա Սանկտ Պետերբուրգում էր՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ «Սանկտ Պետերբուրգ. համագործակցության խորհրդարանական մայրաքաղաք» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։ Մայիսի 7-10-ը կրկին Մոսկվայում էր՝ Պետդումայի պատգամավորների հետ վետերանների հանդիպմանը, ինչպես նաեւ Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար։ Ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 1-ն Ուզբեկստանի Հանրապետությունում Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկում էր իրականացնում, դրանից առաջ՝ մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ը Սոչիում մասնակցում էր «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» խորագրով միջոցառմանը, մարտի 2-4-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարածում ունի անչափահասների շրջանում, սակայն վստահեցրել է, որ գտել են դրա դեմ պայքարի ճանապարհը, ու ակտիվ գործողություններ են տարվում։ Այս համատեքստում Աբազյանն ասել է, որ առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այդ բիզնեսում։ Խոսել է նաեւ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող թմրանյութի մասին եւ վճռական հայտարարել, որ հետախուզում է հայտարարելու Միհրան Պողոսյանի նկատմամբ եւ անպայման նրան Հայաստան է բերելու ու կալանավորելու է։ ԱԱԾ տնօրենի խոսքից ներկաները հասկացել են, որ չնայած Պողոսյանը մի քանի ուղերձ է հղել՝ տեսանյութեր, հայտարարելով, որ ինքն է նպաստել «Մրգենի» ՍՊԸ-ում թմրանյութի բացահայտմանը, այդուհանդերձ, ինքն ուղիղ ներքաշված է կոկաինը Հայաստան բերելու գործի մեջ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մամուլում լուր տարածվեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն մերժում է ստացել: Մեզ փոխանցեցին, որ Մարությանի առաջադրումը ցանկանում են կազմակերպել հենց իշխանությունները, որպեսզի գոնե որոշակի մրցակցային ֆոն ստեղծեն Տիգրան Ավինյանի համար: Մասնավորապես՝ ընտրություններից առաջ անցկացող հարցումները ցույց են տալիս, որ, բացի իշխանական թեկնածուից, այլ մարդու անուն նույնիսկ դժվարանում են հիշել երեւանցիները, ու վտանգ կա, որ Ավինյանի ընտրությունը կարող է անցկացվել շատ պասիվ, մասնակիցների թիվը կարող է չհասնել նույնիսկ 30 տոկոսի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ թե՛ ՔՊ-ում, թե՛ Տիգրան Ավինյանի թիմում փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց սպասվող հաղթանակը ստանա մրցակցային շղարշ, իսկ լավագույն թեկնածուն հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Վերջինս հիմա զբաղված է իր սիրելի գործով՝ ներկայացումներ տալով, գովազդային հոլովակներում նկարահանվելով, ու չի ցանկանում նորից կոստյում հագնել, գործի գնալ, խնդիրներ լսել, բայց ոչինչ բացառված չէ: Ընդդիմադիր որոշ գործիչներ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Մարությանին առաջադրելու համար իշխանությունները եւս մեկ պատճառ ունեն. սրանով ուզում են ցույց տալ, որ, 2018թ.-ի համեմատ, Մարությանի աննշան վարկանիշն արձանագրելով՝ Նիկոլն ու իր թիմն ակնառու կդարձնեն, թե որքան շատ են բոլորն իրենից կախված, ու ինչքան քիչ ձայն կարող են հավաքել նրանք, երբ «հեռանում են» Փաշինյանից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը չի էլ փորձում թաքցնել իր թիմակիցների հետ ունեցած հակասությունները, որոնք սկսեց ի ցույց դնել իր գործունեության ժամանակաշրջանի մասով սկսված քրեական գործի քննության փուլում: Այս անգամ խոսքը նրա ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հեռակա խոսակցության մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 27-ի իր համարում գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում որպես ընդդիմադիր է ընկալվում: Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել՝ հայտնելով, թե դիմել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ՝ հետաքրքրվելով, թե 2022 թվականին քանի ՃՏՊ է գրանցվել Հայաստանում, եւ դրանցից քանիսի պատճառ է նշված կողային ապակիների լուսաթափանցելիության բարձր տոկոսը։ Եվ հենց այս գրառման տակ մեկնաբանություն է թողել Արսեն Թորոսյանը եւ հետաքրքրվել. «Ճի՞շտ եմ հասկանում, որ վաղուց գործող օրենքը կիրառելուն դեմ ես։ Եթե ճիշտ եմ հասկանում, էլ ո՞ր օրենքների կիրառմանն ես դեմ,
Նկատենք, որ այս հանգամանքը դարձել է ՔՊ- ում քննարկման առարկա։ Թորոսյանը իսկապես միայնակ է մնացել խմբակցությունում, չարացել է կուսակիցների հանդեպ։ Անգամ չեն զարմանում, որ հետագայում կարող են նրա ձեռքից վերցնել պատգամավորի մանդատը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Իմ քայլը» հիմնադրամը 2 նոր նվիրատու ունի՝ «Մեկ դրամի ուժը» ծրագիրն ու «Երեխաներ եւ ապագա» բարեգործական հիմնադրամը։ Նրանք հիմնադրամին են փոխանցել 3 մլն 389 հազար դրամ եւ 13 հազար 317 եվրո։ «Մեկ դրամի ուժը» Այ Դի բանկի ու Իդրամի համատեղ ծրագիրն է, որն առցանց վճարումների դիմաց 1-ական դրամ է ուղղում բարեգործությանը։ Իսկ «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամը գործում է Մոնակոյում, որի ներկայացուցիչների հետ տիկինը հանդիպել էր 2022 թ․ հունիսին՝ Մոնակոյում։ Այդ հանդիպումից հետո հաղորդագրություն էին տարածել․ «Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ 2 հիմնադրամների գործունեություններն ունեն շատ ընդհանրություններ, եւ հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։ Վարչապետի տիկինը «Երեխաներ եւ ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեց՝ հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը՝ համատեղ ծրագրերի վերաբերյալ»։ Փաստորեն, համատեղ ծրագիրը Հակոբյանի հիմնադրամին 1 տարի անց 13 հազար եվրո փոխանցելն է եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1 տոննա Հերոին ՀՀ ներմուծելու դեպքով ՀՀ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել։ Մասնավորապես, իրավապահները բարձրացրել են այն հարցը, որ, անկախ այն հանգամանքից, թե 1 տոննա Հերոինի մասին ահազանգել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, դա որեւէ կերպ չի փրկում իրեն։ Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հերոինը ՀՀ ներմուծողները ինչ-որ հարցում անհամաձայնություն են ունեցել, ու կեղտը ջրի երես է դուրս եկել. հիմա պետք է հասկանալ, թե ով կամ ովքեր ինչ կապ ունեն 1 տոննա Հերոինը ՀՀ ներմուծելու հետ։ ԱԱԾ-ն սկսել է Միհրան Պողոսյանի եւ նրա ընկերությունների աշխատակիցների կալանավորման գործընթացը։ Հուսանք՝ նախաքննական մարմինը այսքանով չի սահմանափակվի, ու հերթը կհասնի «խոշոր ձկներին», քանի որ առանց քաղաքական իշխանության ներսում թիկունք ունենալու 1 տոննա Հերոինը չէր կարող մտնել Հայաստան։ Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցել: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ Պողոսյանի նկատմամբ սա երկրորդ հետախուզումն է. առաջինի հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողեց, եւ Պողոսյանը շարունակում է մնալ ՌԴ-ում, անխռով ապրել, բիզնես անել ուրիշների անուններով եւ անգամ զանգահարել հայրենի իրավապահներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնումների ջատագով է: Պետական այս կառույցը մայիսի 24-ին պայմանագիր է կնքել «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ՝ 100 հազար դրամ տրամադրելու, որպեսզի տրանսպորտային ծառայություն մատուցի ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Իսկ «Հասմիկ Բարխուդարյան» ԱՁ-ի հետ կքնված պայմանագիրն էլ 160 հազար դրամ է արժեցել, որով գնվել է հայերեն-ֆրանսերեն համաժամանակյա թարգմանություն: Կրկին թարգմանության ծառայությունների համար ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել նաեւ «Անահիտ Ավանեսյան» ԱՁ-ի հետ՝ 180 հազար դրամ արժողությամբ: Չկարողացանք պարզել, թե անուն-ազգանվան համընկնումը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունի, թե ոչ: Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը Հայաստան ժամանած հյուրերին, բնականաբար, նաեւ հյուրասիրում է, համենայնդեպս, այդ մասին են վկայում այս կառույցի պայմանագրերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ այս կառույցի կնքած պայմանագիրը կազմել է 1 մլն 754 հազար դրամ, որով 43 անձի համար ճաշ է մատուցվել՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի շրջանակներում: Այդ նույն այցի ժամանակ էլ հյուրանոցային ծառայությունների համար ԱԳՆ արարողակարգի վարչությունը ծախսել է 568 հազար դրամ: Իհարկե, խոշոր գնումներն այսքանով չեն ավարտվում: Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունից ԱԳՆ-ն մոտ 740 հազար դրամի գնումներ է կատարել։ Այդ գումարով կառույցը գնել է թղթապանակներ, նոթատետրեր, գրիչներ։ Նաեւ «Վինո-Վինո» ՍՊԸ-ի հետ է պայմանագիր առկա՝ 225 հազար դրամի, որով էլ «Ազնավուր» եւ «Դվին» կոնյակներ են գնվել։ Այս գնումների մեծ մասն իրականացվում է մեկ անձից գնումների եղանակով: Կարճ ասած, այն, ինչ մերժում էր Արարատ Միրզոյանը, հիմա իրագործում է հաճույքով, առանց ամաչելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշումը մեղմացնելը մեծ իրարանցում է առաջացրել իշխանական ՔՊԿ ներսում: Ինչպես հայտնել ենք, հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները պետք է հայտնաբերեին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության ենթարկեին վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Մինչ այս ընթացքում բոլոր վարորդները հեռացնում էին մեքենաների դիմապակիների վրայի «պլյոնկաները», իշխանությունները մտքափոխվել են: Ներքին քննարկումների արդյունքում հայրենի իշխանությունները որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել: Պարզվում է՝ այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել հենց ՔՊ ներսում։ Բանն այն է, որ քննարկումներից անմիջապես հետո ՔՊ-ականների մեծ մասն իրենց մեքենաների ցանցաթաղանթները հեռացրել են, իրենց շրջապատում էլ բոլորին հորդորել հետեւել պահանջին ու մեկ էլ հանկարծ տեղեկանում են, որ իշխանական նեղ շրջանակ իրենք իրենցով հավաքվել ու որոշել են մեղմացնել որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ քննարկումը տեղի է ունեցել հենց Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում: Քոչարյանն իր գլխավորած ԱԺ հանձնաժողովի անդամների հետ քննարկել ու որոշել են դիմել ոստիկանապետին՝ հորդորելով մեղմ վարվել ու չտուգանել վարորդներին՝ առանց անգամ թիմակիցների հետ քննարկելու կամ գոնե նրանց տեղյակ պահելու: Ընդ որում՝ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել այս որոշումը. նրանցից շատերը մամուլից են միայն տեղեկացել այդ մասին: Եւ այս ինքնագործունեությունը մեծ բունտ է բարձրացրել ՔՊ ներսում, իշխանականների մեծ մասը համարում է, որ սա հետքայլ է իրենց իսկ որոշումներից: Նախագծի մեղմացմանը հատկապես դեմ է Արթուր Հովհաննիսյանը, որը տարբեր անկյուններում հայտարարում է, թե խայտառակ որոշում էր: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ խորհրդարանում ֆիքսեց՝ ինչպես են Արթուր Հովհաննիսյանը եւ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը (որը Կենտրոնի նախկին թաղապետն էր) բանավիճում այդ հարցի շուրջ: Վերջիններս խորհրդարանի միջանցքում բարձրաձայն քննարկում էին, թե ով է գաղափարի հեղինակը, եւ ինչու որոշեցին հետքայլ կատարել: Հովհաննիսյանը վստահեցնում էր, որ ինքը լուծում կտա այս հարցին կառավարության իր խողովակներով: Տեսնենք՝ ինչով կավարտվի այս «սպառնալիքը»:
«Իրավունք» թերթը գրում է. ««Կարմիր խաչի» միջոցով Հայաստան տեղափոխվող հիվանդների անձնագրերը պատճենահանվում են ադրբեջանական անցակետում, ապա նոր թույլտվություն է տրվում հատել անցակետը: Արցախցի մեր հայրենակիցները նշում են, որ վերջին օրերին ադրբեջանցիները տակտիկա են փոխել. «Անցակետում կանանց են նստեցրել, որոնք հիմնականում զբաղվում են փաստաթղթերի ստուգմամբ: Սիրալիր կերպով դիմավորում եւ ճանապարհում են՝ ի տարբերություն առաջին օրերի»,-մեզ հետ զրույցում ասաց արցախցի մեր հայրենակիցը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին եւ վարժական հավաքներին մասնակցությունից՝ Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչեւ մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձինք։ Մասնավորներում «բրոնյա» ստացած մարդկանց որակավորել են իբրեւ «կարեւոր մասնագետներ», որոնց գործունեությունը հույժ անհրաժեշտ է երկրին եւ չի կարող պատերազմական իրավիճակում կանգնել, ուստի նրանք ենթակա չեն հավաքագրման։ Նշենք, որ պետությունը «բրոնյա» է տալիս կոնկրետ մարդկանց, ում բացակայությունը կարող է խաթարել տվյալ հիմնարկի աշխատանքները, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ պետական եւ թե՛ մասնավոր ոլորտներին»: