ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 30-ին մեկնարկել են «Էրազմուս+» ծրագրի մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի տեղեկատվական օրերը:
Ինչպես հայտնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցների և մաղթել է արդյունավետ աշխատանքային քննարկումներ:
«Մեր համագործակցությունը որակական նոր փուլում է գտնվում, սկսվել է «Էրազմուս+» ծրագրի երկրորդ՝ 2021-2027 թթ. շրջափուլը, որի շրջանակում մեծացել են հնարավորությունները Հայաստանի և Եվրոպական միության կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման համար: Մասնավորապես այս շրջափուլում ընդգրկվել են նաև նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Անգնահատելի է «Էրազմուս+» ծրագրի դերը ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի զարգացման և ընդլայնման առումով: «Էրազմուս+» ծրագրով ակնկալվող վերջնարդյունքները համահունչ են նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» որդեգրած բարեփոխումներին՝ միտված բարձրագույն կրթության միջազգայնացմանն ու ակադեմիական շարժունության խրախուսմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ նախարարությունն ակնկալում է առավել սերտ համագործակցություն «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի և Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև: Արթուր Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ազգային գրասենյակի և ուսումնական հաստատությունների համատեղ լրացուցիչ ջանքերի ներդրման արդյունքում միջազգային շարժունության ցուցանիշները կբարելավվեն:
Նա ծրագրի շահառուներին հորդորել է իրականացնել փոխկապակցված քայլեր ազգային գրասենյակի հետ՝ շարժունության ծրագրերում ակադեմիական հանրության ավելի լայն ընդգրկվածություն ապահովելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել է ներկաներին և շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և համոզմունք հայտնել, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունները շարունակական կլինեն. «Հույս ունեմ, որ իրականացվող նոր ծրագրերը կշարունակեն ապահովել շարժունակությունը, կարողունակությունների և հմտությունների զարգացումը, կբարձրացնեն բուհական կրթության գրավչությունը»:
Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան նշել է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորող «Էրազմուս+» ծրագիրն աջակցում է ՀՀ-ում բարձրագույն կրթությանը, դասախոսների վերապատրաստումներին, երիտասարդության և սպորտի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին:
Նշվում է, որ միջոցառման մասնակիցներին առցանց ողջունել են նաև Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչ Լուսիա Ջիանիննին և Եվրահանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Կինգա Բերեզա-Հուսակը:
Երկօրյա միջոցառման նպատակն է ներկայացնել «Էրազմուս+» դրամաշնորհ ստացած բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք նախագծերի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։
Միջոցառման առաջին օրը նվիրված էր բարձրագույն կրթության ոլորտին, որի ընթացքում ներկայացվել է բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ԵՄ-ի կողմից հաստատված 4 նոր ծրագրեր, «Էրազմուս Մունդուս նախագծեր» գործողության շրջանակում շահած անդրանիկ ծրագիրը և «Ժան Մոնե ամբիոն» նախագիծը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման երկրորդ օրը նվիրված է լինելու մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում կարողությունների զարգացման 3 նոր նախագծերի ներկայացմանը, որից հետո նախատեսվում է պանելային քննարկում ՄԿՈՒ դաշտի պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Շահագրգիռ կողմերը «European Year of Skills 2023» խորագրի ներքո նաև քննարկելու են մասնագիտական կրթության և հմտությունների միջև կապը։