Օրենսդրական փաթեթով սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Ըստ Պաշտպանության նախարարի՝ նպատակահարմար է 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 6 ամիս. զորակոչը սահմանվել է յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին եւ հոկտեմբերի 1-ին:
Կհստակեցվեն նրանց կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմումների ներկայացման ժամկետները, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կարգով եւ ժամկետներում իրականացնել նրանց զինվորական հաշվառման, ներառյալ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների եւ փորձաքննության գործընթացը:
Նշվել է, որ նախագծով սահմանվում են զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մինչեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելն իգական սեռի քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու հնարավորությունը, այդ քաղաքացիներին ծառայության վայր նշանակել առանց վիճակահանության՝ նախանշված ուսումնական զորամասեր:
Սահմանվում է նաեւ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանց կողմից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորությունը: Պարտադիր զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն նախատեսվում է պատվովճար` 1 մլն դրամի չափով:
Ըստ Սուրեն Պապիկյանի՝ իգական սեռի ներկայացուցիչները ծառայությունից հետո կհամալրեն պահեստազորի կազմը եւ անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը կարեւորել է նախագծի ընդունումը, ինչը, ըստ նրա, նոր մրցակցային դաշտի հնարավորություն է ընձեռում:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ նախագծերի փաթեթով կարեւոր քայլ է կատարվում Զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ: Ըստ նրա՝ այն հնարավորություն կընձեռի բարձրացնել բանակի որակական ցուցանիշները:
Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի՝ նախագիծը համարձակ նախաձեռնություն է եւ այն կմոտիվացնի տղամարդկանց բանակում ծառայելը:
Հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի համոզմամբ օրենսդրական փաթեթով կարեւոր բարեփոխում կիրականացվի բնագավառում:
Բանակի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը:
Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովականների դրական եզրակացությունը: Առաջարկվել է հարցն առաջիկա լիագումար նիստում քննարկել 24-ժամյա ռեժիմով: