Չի կարող ՀՀ-ն, դուրս գալով ՀԱՊԿ-ից, լավ հարաբերություններ պահպանել ՌԴ հետ. դա դեմարշ է
Արցախում ռուս խաղաղապահների այլընտրանքը թուրք խաղաղապահներն են, որն էլ հենց Թուրքիայի վաղեմի նպատակն է: Անկարան մշտապես ցանկացել է Արցախում «խաղաղապահ» խաղալ. այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Արման Ղուկասյանը:
«Մենք արդեն մտել ենք ցնցումների փուլ և սա կարող է լինել ճակատագրական: Աշխարհաքաղաքական գործընթացներին նայել էմոցիաների տեսանկյունից, նայել ինքնախաբեության և պոպուլիզմի տեսանկյունից ինքնաոչնչացում է և հենց այդ ճանապարհով մեզ տանում են ՀՀ իշխանությունները: Նույն Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղարը հայտարարում են, որ քննարկվում է և օրակարգում կա ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Այո, ՀԱՊԿ-ը իդեալական կառույց չէ, այո՛՝ կան խնդիրներ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում է, որովհետև դրա շարժիչ ուժը ՌԴ-ն է՝ մեր ռազմավարական դաշնակիցը: Հետևապես ինքնախաբեություն է, երբ ոմանք ասում են՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից և պահպանենք լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ. դուրս գալով ՀԱՊԿ-ից մենք դեմարշ ենք անում ՌԴ դեմ»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանին որևէ մեկը անվտանգային այլընտրանքային համակարգ մինչ օրս չի առաջարկել և այս թեզը պարզապես հիմնված է հակառուսական քարոզչության վրա:
Բանախոսը մատնանշեց, որ Հարավային Կովկասն ամբողջությամբ այսօր փորձ է արվում ապակայունացնել, և դրանք նույն ուժերն են, որ ապակայունացրել են իրավիճակը Ուկրաինայում՝ հավաքական Արևմուտքը: Եվ, պնդեց նա, հարկ է հիշել, որ Արևմուտքի համար ո՛չ Արցախի, ո՛չ հայ ժողովրդի ճակատագիրը ընդհանրապես հետաքրքիր չէ, բայց ունեն հստակ շահեր: Իսկ Արևմուտքի միակ շահն այն է, որ ՌԴ-ն դուրս բերվի տարածաշրջանից. «Այսօր գնում է մեծերի կռիվ, իսկ մենք, փոքր երկիր Հայաստանը, հայտնվել ենք այդ կռվի կիզակետում: Դա սխալ արտաքին քաղաքականության, ինքնախաբեության, պոպուլիզմի արդյունք է»,- շեշտեց նա:
Հավելելով, Արման Ղուկասյանն ասաց, որ մենք պետք է քաջ գիտակցենք, որ գործընթացները տարածաշրջանում շատ արագ են զարգանում ու զարգանալու և շատ մեծ անելիք ունի հանրությունը. Եթե պետք է անընդհատ դիտորդի կարգավիճակում լինենք, ուղղակի սպասենք, թե ինչ ճակատագրական որոշումներ են կայացվում մեր փոխարեն և ճնշման որևէ կետեր չլինեն, ապա ՀՀ իշխանությունը միանձնյա որոշումներով կտանի Հայաստանը ուղղակի կործանման ու երկրի կորստի: