Գրիգորյանը հայտնել է արցախցիների իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմի մասին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է Անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը, որն ընթանում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում։
Հանդիպմանը նա հանդես է եկել ելույթով և անդրադարձել անվտանգության միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներին։
Նա ներկայացրել է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային անվտանգությանը սպառնացող վտանգը։
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության հարցին, 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` ընդգծելով, որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որի միջոցով Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ենթարկել էթնիկ զտման։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման, ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը։
Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումն ավելի ինտենսիվ առաջ կգնա։