ՀՀ-ն ու Միացյալ Թագավորությունը շարունակաբար զարգացնում են փոխհամագործակցության ոլորտները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը մայիսի 23-ին հյուրընկալել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին, Արեւելյան հարեւանության թիմի ղեկավար Զակ Հենշո-քինին եւ Օլիվեր Ֆելանին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Կողմերն արձանագրել են երկու երկրների միջեւ ջերմ բարեկամական կապերը, կարեւորել միջխորհրդարանական, ինչպես նաեւ անվտանգային ոլորտում համագործակցությունը:
Անդրադարձ է եղել «Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդում» ծրագրին, մտքեր են փոխանակվել էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների, խորհրդարանական եւ հետօրենսդրական վերահսկողությանը վերաբերող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել հնարավոր գործակցության ոլորտները՝ համատեղ նախագծեր մշակելու եւ անվտանգային խնդիրները նոր ուղիներով լուծելու նպատակով: