Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է, նա պետք է հեռանա. Անդրանիկ Թևանյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական պահանջը: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, խորհրդարանում մեկ ժամանոց հայտարարությունների ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խմբակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ Ալիևը Հայաստանի իշխանություններից պահանջել է հրապարակայնորեն ընդունել, որ «Արցախը Ադրբեջան է»։ «Փաշինյանը վաղուց էր դա քարոզում, բայց երեկ ուղիղ ասաց»,- ասաց նա։ Ըստ Թեւանյանի՝ Փաշինյանն այս հայտարարությամբ իրեն դուրս է դրել Հայաստանի պետականության և Սահմանադրության շրջանակներից։
«Նա ոչ լեգիտիմ է։ Այս ոչ լեգիտիմությունն ունի իրավական, քաղաքական և բարոյական հիմքեր»,- ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ Փաշինյանը վերընտրվել է 2021 թվականին՝ խաղաղության կեղծ խոստումներ տալով և նպաստելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, և այժմ ոչ միայն չի կատարում այդ խոստումները, այլ գնում է հակառակ ուղղությամբ՝ հանձնում է Արցախը, կասկածի տակ է դնում Հայաստանի ապագան:
Նա նշեց, որ Փաշինյանը բոլոր իմաստով սնանկ գործիչ է, և նրա օրերը քաղաքական դաշտում հաշված են, սա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները։ «Այստեղ կոլեկտիվ անպատասխանատվությունը չի աշխատի։ Բոլորն իրենց արածի ու չարածի համար պատասխան են տալու»,- ասաց նա։