Հայաստանն ընդունել է Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու ՌԴ նախագահի առաջարկը
Մենք Ռուսաստանի նախագահից առաջարկ ենք ստացել մայիսի 25-ին Մոսկվայում բարձրագույն մակարդակով եռակողմ գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին մայիսի 18-ին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմն ընդունել է ՌԴ ղեկավարի առաջարկը։
Փաշինյանը հիշեցրել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ հունիսի 1-ին կկայանա հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ: «Հոկտեմբերին Գրանադայում նախատեսված է նաև հնգակողմ հանդիպում: Հաջորդ եռակողմ (Փաշինյան-Ալիև-Միշել-խմբ.) հանդիպումը Բրյուսելում նախատեսված է հուլիսին»,- ասել է վարչապետը։
Հայաստանի կառավարության ղեկավարը նշում է, որ չնայած բանակցություններում որոշակի առաջընթացին, Ադրբեջանը շարունակում է ապակայունացնող քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին։ «Վերջին օրերին մեր սահմանների մոտ եղել են գնդակոծություններ, կան զոհեր: Գլուխ խոնարհելով մեր զոհված եղբայրների առաջ՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ զորքերի հայելային հետ քաշումը (սահմանից) գնալով ավելի հրատապ է դառնում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի կողմից ապակայունացնող քաղաքականության հերթական դրսեւորումն է։ «Սա ևս մեկ անգամ ակնհայտ է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության օրինական անհրաժեշտությունը։ Մենք այս թեման քննարկում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ»,- եզրափակեց նա։