ՀԱՊԿ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունեն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է BelTA-ն։
«Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ կանոնավոր բանակցություններ են ընթանում: Վերջերս Եվրոպայում տեղի ունեցավ հերթական փուլը: Գոհունակությամբ նշվեց, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի», - լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա հիշեցրել է, որ ԱՊՀ ստեղծման մասին այս համաձայնագրում ասվում է, որ նոր պետությունների միջև սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա։
Իմանգալի Տասմագամբետովը հույս է հայտնել, որ այս բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը: «Եվ երկրները հետագայում կսկսեն սահմանազատումը»,- հավելել է Տասմագամբետովը: