Ալիևի և Փաշինյանի ձեռագիրը նույնն է. Թևանյան
Սոթքում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Ալիևի ձեռագիրը նույնն է՝ բանակցություններից առաջ սադրանքի գնալ ու կրակել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ “Հայաստան” խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Նույնն է նաև Փաշինյանի ձեռագիրը՝ խաղաղություն մուրալ թշնամուց, Արցախը ճանաչել ադրբեջանական՝ հույսով, որ Բաքուն կբավարարվի դրանով: Ասել է թե՝ մեր երկրի վրա կրակում են թե՛ դրսից, թե՛ ներսից»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր, Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է մեկ սպանվածի ու մեկ ծանր վիրավորի մասին։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: