Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիսի» հերոսների հուշարձանը
Թուրքիան զգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե «Նեմեսիսի» հերոսների հուշարձանը չապամոնտաժվի. այս մասին Canlı TV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօողլուն։
«Մենք հայտարարել ենք, որ եթե հուշարձանը չապամոնտաժվի, ապա հարաբերությունները կարգավորելու փոխարեն հակառակ քայլերի ենք գնալու։ Մենք նրանց (հայկական կողմին) մեր պահանջներն ենք ներկայացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր հատուկ ներկայացուցչի միջոցով և այլ ուղիներով»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։
Թուրքիայի արտգործնախարարը օդային տարածքի փակումը բացատրել է Երեւանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։ Բացի հայկական ավիաուղիների թռիչքների արգելքը, Անկարան արգելել է նաև Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի թռիչքը իր օդային տարածքով: