Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը
Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը չեն ծառայում որևէ երկրի շահերի, իսկ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու համար հարկավոր է շարունակական երկխոսություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածություն է ստեղծում, ինչից կօգտվեն տարածաշրջանի անվտանգության և կայունության թշնամիները», - մեջբերել է նրա խոսքը Press TV-ն:
Շամխանին հավելել է, որ տարածաշրջանային մարտահրավերներին վերջ դնելու «կոշտ մոտեցմանը» պետք է փոխարինեն շարունակական երկխոսությունը և շփումները:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Կովկասում զգայուն ժամանակաշրջան է, և հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը:
«Տարածաշրջանի բոլոր կողմերին Իսլամական Հանրապետության կարևորագույն խորհուրդներից են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և տարածաշրջանային մարտահրավերները խաղաղ ճանապարհով կարգավորելու համատեղ ջանքերը», - նշել է Շամխանին։
Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, Արմեն Գրիգորյանն իր հերթին շեշտել է, որ Իրանը «կարևոր դեր» է կատարում Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում: