Արցախում կվերանայվի ռազմական դրության ժամանակ զինապարտների անվանական ամրագրման մոտեցումը
Այսօր քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ տեղի է ունեցել խորհրդակցություն մի շարք պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Քննարկվել է մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, ծրագրվել է ամբողջությամբ վերանայել ռազմական դրության ժամանակ զինապարտ քաղաքացիներին անվանական ամրագրման առկա մոտեցումը, նախատեսվել է կառավարության որոշմամբ սահմանել այն մասնագիտությունները և ծառայությունները, որոնց տիրապետող կամ որոնք մատուցող անձինք կարող են ներգրավվել քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին, պլանավորվել է ամբողջությամբ օգտագործել Արցախյան պատերազմի վետերանների, հաշմանդամների ու այլ անձանց հնարավորություններն այնպես, որպեսզի ամբողջությամբ վերացվի քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիներին ներգրավելու անհրաժեշտությունը:
Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ, որում նշված կլինեն նրա դերը, առաջադրված խնդիրը և պարտականությունները: