Սարգիս Խանդանյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են ԵՄ դիտորդների առաքելության տեղակայումը
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:
Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում, որն ուղղված է եղել հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը:
Միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում կողմերն արժեւորել են բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արդյունավետ է համարել նախորդ տարի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի` Լեհաստան այցի ընթացքում լեհ գործընկերների հետ կայացած հանդիպումները:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի կառավարությանը` առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու գործում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պավել Չեպլակը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաեւ առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր: