Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. ԱԳՆ
Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ Հայաստանը համարում է Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցություններն ավարտված, կարգավիճակի հարցն ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ։
Բայց այստեղ, ասաց Միրզոյանը, հարց է առաջ գալիս՝ ինչ իմաստ ունի անընդհատ ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշակի ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից։
«Մի կողմից բանակցային գործընթաց է տեղի ունենում, մյուս կողմից՝ Ադրբեջանի հռետորաբանությունն ավելի է սրվում։
Եվ վերջին շրջանում էլ ավելի է սրվել թե՛ հայատյացության քարոզը, թե՛ ուղղակի սպառնալիքները, Ադրբեջանի նախագահը նույնիսկ հայտարարում է, որ խաղաղության պայմանագիր չի լինելու: Սակայն մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք նպատակ ունենք տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել»,-շեշտեց Միրզոյանը: