Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ
Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում:
ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ:
«Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական անգամ ցույց են տալիս նրա մտադրությունը՝ շարունակելու առաջ գնալ ագրեսիայի ուղով և օգտագործել տարածքային նկրտումները՝ որպես նոր ռազմական գործողությունների պատրվակ», - նշվում է նամակում:
Մհեր Մարգարյանը նաև շեշտում է, որ նախկին հանցագործությունների համար անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստել հայատյացությունն Արդբեջանում պետական մակարդակով խրախուսելու համար:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադառնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, այդ թվում՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում: Վկայակոչվում է հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի ավելի քան 5000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը:
«Ռասիզմի և հակահայկական ատելության տարածումը, էթնիկ և կրոնական հիմքերով բռնության շարունակական հրահրման հետ միասին՝ հատուկ շեշտը դնելով երիտասարդների և երեխաների վրա, լավ փաստագրվել են միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում… Մինչ օրս Ադրբեջանը որևէ միջոց չի ձեռնարկել հայերի դեմ ատելության հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար», - գրում է Մհեր Մարգարյանը:
Եզրափակելով՝ նա նշում է, որ Ադրբեջանի նման վարքն է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը տարածաշրջանում և վնասարար ազդեցության թողնում խաղաղության և անվտանգության կայուն հիմքերի ստեղծման վրա: